Մերօրյա «ճպուռները»․ Թշնամին հաղթում է ամեն տեսակ արարատմիրզոյանների պատճառով. Ոմանք պատրաստ են խաչվածին տրորելով խաչ բարձրանալ, միայն թե ավելի լավը երևան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարտի 11-ին լրատվամիջոցները տեղեկացրին, որ ադրբեջանական գերությունից վերադարձել է լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Լուրեր կան, որ Մարալի փրկության հարցում ներդրում են ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՌԴ պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Երանի թե թեման սրանով սպառվեր: Մարալի փրկության մասին տեղեկանալուն պես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն տարածեց՝ փորձելով իրենով անել հաղթանակը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում»:
Սա կարդալուց հետո հիշեցի 2004-2005 թվականների մի դեպք: Հասարակածային Գվինեայում աշխատող ՀՀ քաղաքացի 6 օդաչու պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար դատապարտվել էին երկարատև ազատազրկման: Մոտ մեկ տարի նրանք անազատության մեջ էին: 2005-ի հունիսին հաջողվեց հասնել նրանց ներմանն ու հայրենիք վերադարձին: Այս հարցում երևացող բանակցողը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր: Բայց ակնհայտ էր, որ հավաքական ջանքերի արդյունք հաղթանակ է: Սակայն... մեր օդաչուները զնդանից դուրս եկել, մի երրորդ երկրում էին, դեռ տուն չէին հասել, սկսվեց հաղթողի դափնիների կռիվը, իմ վաստակն է, չէ՝ իմ վաստակն է:
Ավելի թարմ օրինակ. 2020 թվականի հուլիսին Տավուշի սահմանին ադրբեջանական ոտնձգությունից հետո փոխանակ հսկայական վերլուծական աշխատանք արվեր, լսեին խելոք մարդկանց, նայեին Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին, որոշեցին պարգևատրել տավուշյան մարտերի մասնակիցներին: Մարդու վաստակը պետք է գնահատել, հերոսներին չգնահատող երկրում հերոսներ չեն ծնվում, բայց ամեն ինչ՝ իր ժամանակին: Եթե քամին տան տանիքը պոկել է, և մնացել ես առանց տանիքի ու անձրևի տակ, նոր սառնարան առնելն առնվազն հիմարություն է:
Ճաշից հետո մանանեխ չեն մատուցում, կռվից հետո բռունցքները չեն թափահարում: Կռվի ժամանակ պետք է բռունցքները թափահարել, իսկ մանանեխը տալ ճաշի հետ: Այ, հագենալուց՝ դրված խնդիրը հաջողությամբ լուծելուց հետո կարելի է գնահատել համեղ մանանեխ պատրաստած խոհարարին և հիանալ բռունցքներն ամենաարդյունավետը թափահարած մարդու հնարամտությամբ:
Աթաբեկ Խնկոյանի «Ճպուռն ու մրջյունը» առակը հիանալի դաս է բոլոր արարատմիրզոյաններին՝ պատրաստ եղեք ռիսկին ու վտանգին, մտածեք ապագայի մասին: Չեն մտածել, բայց վազում են դափնիների հետևից: Կամ՝ ինչպես մի իմաստուն մարդ է ասել, ոմանք պատրաստ են խաչվածին տրորելով խաչ բարձրանալ, միայն թե ավելի լավը երևան: Արարատ Միրզոյանն այստեղ տեսակ է: Երկրին վատություն անող տեսակ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: