«Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը». ANCA-ն դիմել է ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` զգուշացնելով Սյունիքի մարզի վրա սպասվող հարձակման մասին, նշված է գրասենյակի Twitter-ի միկրոբլոգում։
«Զգուշացում. Ջո Բայդեն, Էնթոնի Բլինկեն/ Պետդեպարտամենտ. Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը», – գրված է թվիթերյան հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու համար:
«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք», - ասել է Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում և հավելել, – «Պատերազմի հետևանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ այս հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, և դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11–ին Մոսկվայում կայացել էր եռակողմ հանդիպում Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև, որի ընթացքում քննարկվել էին տարածաշրջանի տրանսպորտային ուղիներին վերաբերվող հարցերը և որոշվել էր, որ հետագա և մանրամասն քննարկումները կիրականանան երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումների ձևաչափով։