Թուրքական ընկերությունը 36 մլն դոլար արժողությամբ պղնձե սալիկների փոխարեն ներկված քարեր է վաճառել. տուժած կողմը դատական հայց է ներկայացրել
Շվեյցարիայում ապրանքների վաճառքով զբաղվող իրավաբանական անձին խաբեության հետևանքով թուրքական մատակարարից 36 միլիոն դոլար արժողությամբ պղնձի սալիկների փոխարեն ներկված քարեր են վաճառվել, գրում է BBC-ն:
Շվեյցարիայի Ժնև քաղաքում գործող Mercuria Energy Group-ի խոսքով, իրենց ընկերությունը խարդախության զոհ է դարձել, երբ թուրքական Bietsan Bakir-ից գնել է շուրջ 10 000 տոննա պղնձե սալիկ:
Նշվում է՝ թուրք մատակարարի ուղարկած բեռի իրական պարունակությունը բացահայտվել է միայն այն ժամանակ, երբ այն հասել է Չինաստան: Մոտ 6000 տոննա բեռում, որը դասավորված է եղել ավելի քան 300 արկղում և նախատեսված է եղել 8 նավով բեռնափոխադրման համար, շվեյցարական ընկերության աշխատակիցները հայտնաբերել են ներկված քարեր:
BBC-ի տեղեկություններով՝ «պղնձե սալիկները» Ստամբուլի ափամերձ նավահանգստից են փոխանցվել բեռնափոխադրողներին:
Ներկայում շվեյցարական ընկերությունը դատական հայց է ներկայացրել թուրքական ընկերության դեմ: Նշվում է՝ «պղնձե սալիկների» համար ընկերությունն արդեն հասցրել էր մոտ 36 միլիոն ԱՄՆ դոլար վճարել Bietsan Bakir-ին:
Թուրքիայի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, նշելով՝ բերման են ենթարկել մի շարք անձինք, որոնք առնչություն ունեն խարդախության դեպքի հետ: