Իրանի հետ «միջուկային գործարքի» ժամանակը սպառվում է. ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարար
Միացյալ Նահանգներին ավելի քիչ ժամանակ է մնում՝ վերադառնալու Իրանի հետ կառուցողական դիվանագիտության, քանի որ հունիսին նախատեսված նախագահական ընտրությունները կարող են հանգեցնել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների «սառեցմանը»: Այս մասին CNBC-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարար Էռնեստ Մոնիզը:
«Մինչեւ հունիսին տեղի ունենալիք ընտրություններ շատ քիչ ժամանակ է մնացել ինչ-որ բան անելու համար, եւ բնականաբար, դրանից հետո Իրանը փոքր վերբեռնման կարիք կունենա»,- ասել է Մոնիզը, որը հիմա Nuclear Threat Initiative հասարակական կազմակերպության համանախագահն է եւ գլխավոր տնօրենը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, որը 2015 թվականի միջուկային գործարքի եւս մեկ առանքային ճարտարապետն է, նույնպես հունիսին կավարտվի նախարարի պաշտոնում իր գործունեությունը:
Վերլուծաբաններն ասում են, որ կոշտ գծի կողմնակիցները, ամենայն հավանականությամբ, առավելության կհասնեն, ինչը, հավանաբար, կբարդացնի առանց այն էլ ձախողված միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ: Իրանում ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբ Մելլին Axios-ի հետ զրույցում ասել է, որ Իրանում անցկացվող ընտրությունները չեն ազդում Բայդենի վարչակազմի որոշման վրա, թե ինչպես շարունակել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ: Վաշինգտոնը Իրանին հստակ հասկացրել է, որ պատրաստ է «քննարկել իրանական միջուկային ծրագրով առաջ ընթանալու դիվանագիտական ճանապարհը», սակայն Իրանի ղեկավարները մտադիր չեն հանդիպել նրանց հետ, քանի դեռ ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները: Չնայած համաձայնագրին շուտափույթ վերադառնալու Բայդենի խոստմանը, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր կամ ԳՀՀԾ, ժամկետների մասին կարելի է միայն կռահել:
Chatham House-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի ղեկավարի տեղակալ Սանամ Վաքիլը կարծում է, որ Բայդենի նման հայտարարություններն առաջին հերթին ուղղված են ԱՄՆ ներքին լսարանին: «Բայդենի ռազմավարությունն է ժողովրդին ցույց տալ, որ իրենք իրանական ժամկետների պատանդը չեն»,- ասել է Վաքիլը:
Միեւնույն ժամանակ, Մոնիզը կարծում է, որ Իրանի որոշումը՝ մերժել միջուկային գործարքը վերականգնելու ԵՄ առաջարկը, բանակցային ռազմավարություն էր, որը, անկեղծ ասած, չի գործել: Նա նաեւ մտահոգություն է հայտնել պայմանագրի հետագա չկատարման Իրանի վերջին սպառնալիքների կապակցությամբ, բայց միեւնույն ժամանակ ողջունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) եւ Իրանի կողմից իրանական միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումների շուրջ ժամանակավոր պայմանավորվածությունների ձեռքներումը: «Կարծում եմ, որ երկու կողմերի միջեւ համաձայնագիրը լիովին չի վերականգնվի, բայց շուտով երկու կողմերն էլ կարող են կարեւոր քայլեր ձեռնարկել հետագա բանակցությունների համար հող նախապատրաստելու համար»,- ասել է Մոնիզը: