ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել յոթ գործով ընդդեմ Ադրբեջանի կառավարության
Մարտի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է Ադրբեջանից ստացված 7 բողոքների վերաբերյալ որոշումների մասին, որոնց համաձայն կառավարությունը դիմումատուներին փոխհատուցում կվճարի ընդհանուր 56 300 եվրոյի չափով: Այս մասին հայտնում է Turan-ը՝ վկայակոչելով փաստաբան Խալիդ Ագալիեւին:
Հայցատուներ Վուգար Ալիեւը եւ Աղամամեդ Մամեդովն ընդունել են կառավարության առաջարկը՝ իրանց համապատասխանաբար 6000 եւ 3800 եվրո փոխհատուցում վճարելու մասին: Ալիեւը, լինելով քաղաքական ակտիվիստ, դատապարտվել է թմրանյութերի վաճառքի մեղադրանքով: Իր բողոքում նա հայտարարել է արդար դատաքննության եւ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման մասին: Մամեդովի բողոքը կապված է սեփականության իրավունքի խախտման հետ:
Ռեւան Սաբզալիեւի, Նաթիգ Միրզոեւի եւ Դուրնիսա Ախմեդովայի՝ Ադրբեջանի դեմ գործերով կառավարությունը նույնպես համաշխարհային համաձայնության է եկել հայցատուների հետ:
Իշխանությունները համաձայնել են նրանց փոխհատուցում վճարել համապատասխանաբար 4500, 1500 եւ 3000 եվրոյի չափով:
Սաբզալիեւը 10 ամսով ձերբակալվել է Սաիդ Նուրսիի ուսմունքները քարոզելու համար: Նա բողոքարկել է դավանանքի ազատության ոտնահարումը: Միրզոեւը բողոքում էր բանտում անորակ բժշկական օգնությունից:
Կառավարությունը համաձայնության է եկել նաեւ Ադրբեջանի դեմ Ռզամովի եւ մյուսների (9 մարդ) գործով: Իշխանությունները պարտավորվել են յուրաքանչյուր հայցատուին 3750 եվրո (ընդհանուր 37 500 եվրո) վճարել: Նրանք բողոք էին ներկայացրել կրոնական ժողովի ժամանակ անհիմն կալանքի կապակցությամբ: Ըստ հայցատուների՝ ոտնահարվել էին իրենց անձնական անձեռնմխելիության, կրոնի ազատության եւ արդար դատաքննության իրավունքները:
«Իմանզադե Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործի վարույթը դադարեցվել էր դիմումատուի մահվան պատճառով: Որպես «Եհովայի վկաներ» համայնքի անդամ՝ նա խնդրել էր ճանաչել կրոնի ազատության, անձնական անվտանգության եւ սեփականության իր իրավունքների խախտումը: