Եթե Իրանը միջուկային համաձայնագրին վերադառնալու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում, ապա մենք միակողմանի գործողությունների չենք դիմի ու բարի կամք չեն դրսևորի․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ նոր վարչակազմը որևէ դեպքում բարի կամքի չի ցուցաբերելու և նմանատիպ միակողմանի քայլերի չի գնալու, որպեսզի Իրանին համոզի վերադառնալ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին՝ ուղղված Թեհրանի միջուկային խնդրի կարգավորմանը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք միակողմանի որևէ քայլի չենք դիմի, որպեսզի համոզենք Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե իրանցիները տպավորություն ունեն, թե միջուկային համաձայնագրին վերադառնալու ուղղությամբ իրենց կողմից որևէ նախաձեռնողականության բացակայության պայմաններում մենք կգնանք միակողմանի քայլերի կամ բարի կամ կդրսևորենք, ապա նրանք սխալ տպավորություններ ունեն»,- հայտարարել է Փրայսը։
Հիշեցնենք, որ 2015 թ․ ԱՄՆ 45-րդ նախագահ Բարաք Օբամայի նախագահության օրոք Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է եկել 2018 թ-ին՝ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, որից հետո ԱՄՆ-Իրան հարաբերությունները կտրուկ սրվեցին։
Այժմ կողմերը միմյանց են նախապայմաններ ներկայացնում․ Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը դադարեցնի ուրանցի հարստացումն ու վերստանձնի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, իսկ Թեհրանից, ի պատասխան, պահանջում են, որ ԱՄՆ-ը նախ չեղարկի սահմանված ծանր պատժամիջոցները, որից հետո նոր հնարավոր կլինի երկխոսություն ծավալել։