ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ առկա իրավիճակը
ԱՄՆ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները երկկողմ ռազմավարական խմբի առաջին առցանց հանդիպման ընթացքում շեշտը դրել են Իրանի շուրջ մտահոգությունների վրա, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Սպիտակ տանը: Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմի միջև այս հարցի շուրջ առկա են տարակարծությունները։
Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը և նրա իսրայելցի գործընկեր Մեյր Բեն Շաբբատը գլխավորել են պատվիրակությունները, տեղեկացրել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Էմիլի Հորնը:
«Առցանց հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հեռանկարներն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում` Իրանի վերաբերյալ, և իրենց ընդհանուր վճռականությունը հայտնել տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու հարցում», - ասվում է հայտարարության մեջ:
Բայդենի վարչակազմը հանդիպումն ընկալում է որպես դաշնակիցների և գործընկերների հետ խորհրդակցելու իր ջանքերի մի մաս։ Պետդեպարտամենտը կրկնել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին միակողմանիորեն չի դրդի մասնակցել բանակցություններին։
Իսրայելը հույս ունի վերացնել Նեթանյահուի և Բայդենի միջև Իրանի միջուկային հարցում տարաձայնությունների շուրջ առկա անձնական լարվածությունը:
«Ազգային անվտանգության խորհրդականները համաձայնության են եկել ռազմավարական միջգերատեսչական խորհրդատվությունների կարևորության վերաբերյալ և խոստացել շարունակել այդ պարտավորությունները», - նշել է Հորնը: