Ռուսաստանում 30-ամյա տղամարդը մեկ գիշերվա ընթացքում 15 անգամ կլինիկական մահ է տարել (լուսանկար)
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակիչ Անտոն Դիմովը 15 անգամ կլինիկական մահ է տարել մեկ գիշերվա ընթացքում: Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, դրանցից ամենաերկարը կես ժամ է տևել:
Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: 30-ամյա տղամարդը, որը նախկինում աշխատել է որպես վարորդ, պատմում է, որ հիվանդանոցում է հայտնվել թրոմբների առաջացման նախատրամադրվածության պատճառով: Նրան տրվել է բնածին գենետիկ թրոմբոֆիլիա աշխտորոշումը:
Փետրվարի 10-ի առավոտյան պոլիկլինիկա այցելելուց առաջ տղամարդը որոշել է ցնցուղ ընդունել, որից հետո հանկարծակի ցավ է զգացել կրծքավանդակի շրջանում, ապա շնչահեղձություն է սկսվել:
Դիմովը շտապ օգնություն է կանչել, երբ արդեն շրթունքները կապտել էին, իսկ ոտքերն ու ձեռքերը՝ գունատվել: Հիվանդանոցում նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին. նրա արյան մեջ թթվածնի մակարդակն արդեն իջել էր 66 տոկոսի: Այդ ժամանակ նա առաջին անգամ կլինիկական մահ է տարել:
«Ես պարզապես սկսեցի շնչահեղձ լինել և խեղդվեցի՝ հայտնվելով մթության մեջ: Այդքանով հիշողություններս ավարտվում են»,- պատմում է Դիմովը:
Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են ողջ գիշեր, քանի որ ներքին օրգանները չէին գործում: Արհեստական կոմայից դուրս գալուց հետո երեք օր անց նա իմացել է, որ 15 կլինիկական մահ է տարել վերակենդանացման բաժանմունքում անցկացրած 12 ժամում:
Այժմ տղամարդը վերականգնվում է, նրա մոտ թույլ հազ է մնացել: