«Հուսով եմ` հուլիսի 4–ին կնշենք ոչ միայն ԱՄՆ Անկախության տոնը, այլև այս վարակից անկախությունը»․ Բայդենը` կորոնավիրուսի հաղթահարման ժամկետի մասին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ հուլիսի 4–ին (ԱՄՆի անկախության օրը) ԱՄՆ-ն կարող է կորոնավիրուսային վարակից «անկախությունը նշել», եթե մարդիկ ստանան պատվաստումները, հայտնում է BBC-ն:
Նախագահի պաշտոնում իր առաջին «փրայ թայմ» ուղերձի ընթացքում Բայդենն ասել է, որ կկարգադրի նահանգներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը չափահաս բոլոր ամերիկացիների համար հասանելի դարձնել մայիսի 1-ից։ Ընթացիկ միջոցառումների ընթացքում առաջնահերթություն են տալիս ըստ տարիքի կամ առողջական վիճակի:
«Եթե մենք դա անենք միասին, մեծ հավանականություն կա, որ մինչև հուլիսի 4-ը դուք, ձեր ընտանիքն ու ընկերները կարող եք հավաքվել ձեր բակում և տոնել Անկախության օրը», - ասել է Բայդենը և հավելել, որ երկիրը կկարողանա նշել ոչ միայն Անկախության օրը, այլև «անկախությունն այս վիրուսից»:
Պատվաստումների ընդլայնման ծրագրերի շրջանակներում, կավելանա մարդկանց պատվաստման վայրերի քանակը. անասնաբույժներին ու ատամնաբույժներին ևս կթույլատրվի պատվաստել մարդկանց։
Նախագահը կոչ է արել մարդկանց պահպանել սոցիալական հեռավորության միջոցառումները, լվանալ ձեռքերն ու դիմակ կրել:
«Վիրուսին հաղթելու և բնականոն կյանքին վերադառնալու հիմքում ընկած է ազգային միասնությունը», - նշել է Միացյալ Նահանգների նախագահը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 1,9 միլիարդ դոլար արժողությամբ կորոնավիրուսային օգնության օրինագծը, որը Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամեծ տնտեսական խթանիչ միջոցառումներից մեկն է և նախագահ Ջո Բայդենի առաջին խոշոր հաղթանակը պաշտոնում։
Օրինագծով նախատեսում է 400 միլիարդ ամերիկյան դոլար հատկացնել ամերիկացիների մեծամասնությանը 1400 ԱՄՆ դոլար ուղղակի վճարման համար, 350 միլիարդ ամերիկյան դոլար տեղական կառավարություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին, ընդլայնել երեխաների հարկային վարկը և ավելացնել պատվաստանյութերի բաշխման ֆինանսավորումը:
Մինչ այժմ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի մոտավորապես 29 միլիոն դեպք, որից ավելի քան 529 հազար մարդ մահացել է։