Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն Թել Ավիվին կարգավորումից հետ է պահում 3 պատճառ. Atlantic Council
Մեկ տասնամյակ շարունակաբար վատացող թուրք-իսրայելական հարաբերություններում վերականգնման նշաններ են ի հայտ գալիս, սակայն դրա համար վստահության վերականգնման և երկկողմ կապերի կարգավորմանն ուղղված դրական օրակարգ կառուցելու կարիք կա, գրում է Atlantic Council-ը՝ հրապարակելով վերլուծաբան Կարել Վալանսիի հոդվածը:
«Տարածաշրջանում Անկարայի աճող մեկուսացումը և ԱՄՆ-ի հետ լարված հաևաբերությունները դրդում են Թուրքիային կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների, այդ թվում` Իսրայելի հետ», – ասել է Վալանսը և հավելել, որ քիչ հավանական է, որ Իսրայելը շտապի կարգավորել Անկարայի հետ կապերը:
Երկրների միջև հարաբերությունները սկսել են վատանալ այն բանից հետո, երբ Իսրայելը ներխուժել է դեպի Գազայի հատված ուղևորվող և օգնություն տեղափոխող «Մավի Մարմարա» նավ՝ սպանելով պաղեստինամետ տասն ակտիվիստի։
2018 թվականի մայիսին, Գազայի պաղեստինյան անկլավի վրա իսրայելական հարձակումից և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Միացյալ Նահանգների իշխանությունների որոշումից հետո Թուրքիան վտարել է Իսրայելի դեսպանին և հետ կանչել իր բանագնացին։
Թուրքիան նաև խթանել է հարաբերությունները Իսրայելի դեմ պայքարող և Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ հարաբերությունները:
Վալանսին հիշեցրել է, որ երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քնարկումը թափ է ստացել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերին հրապարակավ հայտարարել է «հարաբերությունները բարելավելու» մտադրության մասին:
Սակայն վերլուծաբանն ասել է, որ երեք պատճառ Իսրայելին հետ է պահում Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումից. «ՀԱՄԱՍ»-ը, Երուսաղեմի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրության աճը և Էրդողանի օրոք Թուրքիայի քաղաքականության անկանխատեսելիությունը:
Վալանսին առաջարկել է համագործակցություն սկսել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիան, գյուղատնտեսությունը և կլիմայի փոփոխությունը, որին կհաջորդեն մշակութային փոխանակման ծրագրերն ու ընկերական մարզական մրցաշարերը և, վերջապես՝ երկկողմ կապերն ամրապնդելու նպատակով քաղաքացիական հասարակությանն առնչվող միջոցառումները։