Մեր համաքաղաքացիների մեծ մասը ղեկավարվում է էմոցիաներով ու նախապաշարումներով՝ «սրան սիրում եմ, սրան չեմ սիրում» և, ըստ այդմ, «սա՛ պիտի նստի գահին», «չէ՛, է՛ս մեկը». «Առավոտ»
«Հասարակական-քաղաքական զարգացումներին, իմ կարծիքով, պետք է նայել ոչ թե այն տեսանկյունից, թե որ գործիչն է այսօր կամ վաղը նստելու այս կամ այն աթոռին, այլ ինչ մարտահրավերներ են կանգնած մեր երկրի առաջ, և ինչպես են դրանք լուծվում: Թե չէ՝ մեր համաքաղաքացիների մեծ մասը ղեկավարվում է էմոցիաներով ու նախապաշարումներով՝ «սրան սիրում եմ, սրան չեմ սիրում» և, ըստ այդմ, «սա՛ պիտի նստի գահին», «չէ՛, է՛ս մեկը»:
Այսպիսով, վերաբերմունքն այս կամ այն գործչի հանդեպ փոխվում է կայծակնային արագությամբ՝ օրերի, հաճախ՝ ժամերի ընթացքում. Օնիկ Գասպարյանը հերոս է, հետո պարզվում է՝ չէ, հարմարվողական մի պաշտոնյա է, կամ՝ «վերջապես մենք նախագահ ունեցանք», հետո՝ «չէ՛, Արմեն Սարգսյանը բրիտանական լրտես է»: Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց ուշքն ու միտքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իր աթոռին. նրանք միացնում են հեռուստացույցը կամ համակարգիչը և տեսնում են իրենց մտածելակերպին, իրենց ինտելեկտին համապատասխան մի լիդեր, որն արտահայտում է իրենց իղձերը՝ «նախկինների» հանդեպ իրենց էմոցիաների առումով: Այդ մարդկանց չի հետաքրքրում պատերազմում ամոթալի պարտությունը, երկրի աղետալի վիճակը, որոնց առաջին մեղավորը հե՛նց Փաշինյանն է:
Մյուս կողմից՝ կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ունեն միայն մեկ երազանք՝ ամեն գնով գահընկեց անել Փաշինյանին, և այստեղ նույնպես կարող է լինել էմոցիաների մի ամբողջ ներկապնակ: Այդ՝ երկրորդ խմբի ներկայացուցիչները կարծում են, որ իրենց երազանքի իրականացման համար կիրառելի են բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմական հեղաշրջումը: Հենց ա՛յդ քաղաքացիներն են, որոնք, ի վերջո, դժգոհ մնացին Արմեն Սարգսյանից և Օնիկ Գասպարյանից: Ի՞նչ էին նրանք ակնկալում: Հավանաբար՝ որ Օնիկ Գասպարյանը զինված խումբ ուղարկեր կառավարություն և փորձեր ձերբակալել վարչապետին: Ենթադրենք, այդ խումբը չէր բախվի Փաշինյանին պաշտպանող խմբի հետ, և այդ ձերբակալությունը կկայանար:
Այդպիսով, բանակը իշխանության կբերեր ժամանակավոր կառավարության, որը կանցկացներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա կկայունացնե՞ր վիճակը, սվինների վրա եկած իշխանությունն ավելի արդյունավե՞տ կաշխատեր, քան ներկայիս, այո, չափազանց անարդյունավետ վարչակազմը: Այդ ամենը ազդակ չէ՞ր լինի թշնամու համար՝ իր դիրքորոշումը կարծրացնելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: