Ռիսկ և շանս․ ամեն անձի կյանքում մեկ անգամ շանս է տրվում՝ մեկ աստեղային ժամ․ Փաշինյանն իրեն տրված այդ շանսից հմտորեն օգտվեց 2018-ի ապրիլին, Օնիկ Գասպարյանն իրեն տրված շանսից՝ ոչ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Եզակի ազգ ենք՝ շարունակ փրկիչներ ենք փնտրում, հետո այդ փրկիչներից «փրկողներ», հերոսներ ենք կերտում, ապա նույն հերոսներից՝ հակահերոս։ Ընդ որում՝ հերոսից մինչև հակահերոս կես քայլից էլ պակաս է։ Մարդուն նախ վերագրում ենք մեր մտքում եղած ամենաբարձր արժանիքները, ապա արագությամբ հիասթափվում, երբ նա չի արդարացնում մեր հույսերը, և մեծ դաժանությամբ գահընկեց ենք անում։ Իսկ ամենակարևորը․ բոլորս պահանջատեր ենք՝ խոսք ասող, բայց ոչ՝ «զանգ կախող»։ Ուզում ենք, որ մեր անելիքն ուրիշն անի՝ փրկիչը, հերոսը։
Այսպես հանգիստ նստենք մեր տներում, համակարգչի կամ հեռուստացույցի առաջ և հետևենք, թե ինչպես է մեր «սրտի հերոսն» իշխանափոխություն անում՝ մեն-մենակ, իր վրա վերցնելով մի ամբողջ ազգի անելիքը, և վախկոտ ու մորթապաշտ իր ազգին ազատելով ինչ-որ բան անելու անհրաժեշտությունից։
Իհարկե, լավ կլիներ, որ մեզանում իսկապես նման քաջարի, անվախ, անձնազոհության պատրաստ հերոսներ լինեին և արդարացնեին հանրության հույսերը։ Բայց նրանք էլ, ցավոք, նույն ազգից են, նույն գենի կրողները՝ նույնքան զգուշավոր, պատասխանատվությունից խուսափող և սեփական անձը վտանգելու անընդունակ։ Ուստի նրանցից էլ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Մանավանդ եթե մարդը ողջ կյանքում զինվորական է եղել՝ հրամանին, օրենքին, վերադասին ենթարկվող, նա նախ իր ներսում պետք է «հեղափոխություն» անի՝ գիտակցելով, որ կա իրավիճակ, որը ոչ ստանդարտ լուծում է պահանջում և ռիսկի գնալու կարողություն։ Եվ յուրաքանչյուր անձի կյանքում մեկ անգամ է նման հնարավորություն տրվում՝ մեկ աստեղային ժամ, որից չօգտվելով՝ դու վերածվում ես շարքային մեկի։
Նիկոլ Փաշինյանն իրեն տրված այդ մեկ շանսից հմտորեն օգտվեց 2018-ի ապրիլին, Օնիկ Գասպարյանն իրեն տրված շանսից՝ ոչ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: