«Միևնույն է՝ նրա ոչ մի խոսքին չեմ հավատում». հայտնի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը Մեգան Մարքլի հասցեին հնչեցրած քննադատություններից հետո լքել է Good Morning Britain շոուն
Հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը, որը լքել է ITV հեռուստանընկերության եթերում ավելի քան 7 տարի հեռարձակվող Good Morning Britain հաղորդումը, Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հասցեին հնչեցրած քննադատություններից հետո, հայտարարել է՝ ինքը «շարունակում է չհավատալ այն ամենին, ինչ Մարքլն ասել է Օփրա Ուինֆրիի հետ աղմկահարույց հարցազրույցում», գրում է Reuters-ը:
«Երկուշաբթի ես նշել էի, որ չեմ հավատում Մեգան Մարքլին: Ես բավարար ժամանակ եմ ունեցել այս կարծիքին ևս մեկ անգամ անդրադառնալու համար, և շարունակում եմ չհավատալ նրան: Խոսքի ազատությունը կարծես բլուր լինի, և ես ուրախ եմ մահանալ դրա վրա: Շնորհակալ եմ ամբողջ սիրո և ատելության համար: Ես հեռանում եմ իմ կարծիքների հետ առավել շատ ժամանակ անցկացնելու համար»,- թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում իր 7,8 միլիոն հետևորդներն հայտնել է 55-ամյա հաղորդավարը:
Հիշեցնենք՝ Մեգան Մարքլի հարցազրույցի՝ ամերիկյան հեռուստատեսությամբ հեռարձակվելուց հետո Մորգանը Good Morning Britain հաղորդման եթերում հայտարարել էր, որ թագավորական ընտանիքի անդամի ասած ոչ մի խոսքին չի հավատում: Բացի այդ, նա Մարքլին անվանել էր «արքայադուստր Պինոկիո»:
Նշենք՝ Մեգան Մարքլը, որը թագավորական ընտանիքի առաջին խառնածին անդամն է, հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի հետ երկժամյա հարցազրույցում մի շարք մանրամասներ էր ներկայացրել այն ժամանակաշրջանից, երբ արքայազն Հարիի հետ ամուսնանալուց հետո, բնակվել է Մեծ Բրիտանիայում: Հարցազրույցի ժամանակ Մեգանն անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են հոգեկան առողջությունը, ինքնասպանությունը, ռասիզմը: Մեգան Մարքլը խոստովանել էր, որ պատրաստ է եղել ինքնասպան լինել հղիության ընթացքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, 2021 թվականի փետրվարին Բուկինգհեմյան պալատը հաստատել էր Սասեքսի դուքսի և դքսուհու վերջնական հրաժարականը թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունները կատարելուց:
Այժմ զույգը սպասում է երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Մարքլը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ աղջկա է սպասում:
Վերջին հաշվարկներով՝ թագավորական ընտանիքի նախկին ավագ անդամների հարցազրույցը ԱՄՆ-ում դիտել է ավելի քան 17,1 միլիոն, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 11,1 միլիոն մարդ, որը հեռուստատեսության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: