«Թուրքիան վաղ, թե ուշ կընդունի Ղրիմի հարցում ՌԴ դիրքորոշման ճշմարտացիությունն ու հիմնավոր լինելը»․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր և ռազմավարական գործընկեր է և հույս է հայտնել, որ մի օր թուրք գործընկերները կհասկանան Ղրիմի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման ճշմարտացիությունն ու հիմնավոր լինելը, հայտնում է gazeta.ru–ն:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Պեսկովն ասել է, որ ներկայում Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ՝ բոլոր տարածաշրջանային հարցերի, այդ թվում ՝ Ադրբեջանի և Սիրիայի շուրջ:
«Չնայած դժվար պահերին, նախագահներին հաջողվել է փոխզիջում գտնել: Մենք բարձր ենք գնահատում փոխզիջումներ գտնելու քաղաքական կամքը», - հավելել է Կրեմլի մամուլի խոսնակը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Ղրիմի հարցում Թուրքիան համաձայն չէ Ռուսաստանի հետ, Պեսկովն ասել է. «Հարցը տարաձայնությունների հետ է կապված: Մենք համբերատար շարունակում ենք բացատրել, վաղ, թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան մեր դիրքորոշման ճշմարտացիությունն ու հիմնավոր լինելը»:
Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել էր, որ իր երկիրը չի ընդունում Ղրիմի՝ ռուսական տարածքի մաս լինելու հանգամանքը:
Լրատվականը հիշեցնում է, որ 2014 թվականի մարտին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձել է Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք: