Վարչապետից եմ լսել այդ խոսակցության մասին, ես ասել եմ, որ լսե՞լ եմ այդ ձայնագրությունը. Հրաչյա Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի զրույցի վերաբերյալ հայտարարության մասին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
««Վստահ եմ՝ գլխավոր մերժվածի և Օնիկ Գասպարյանի միջև զրույցի ձայնագրությունները կան՝ դեռ հրապարակելու ժամանակը չէ»,- լրատվամիջոցներից մէկի հետ զրույցում բառացի նման հայտարարությամբ է հանդես եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ գլխավոր աներձագ Հրաչյա Հակոբյանը:
Որտեղի՞ց աներձագին նման տեղեկատվություն, ով և ինչ պայմաններում է, ըստ էության, ապօրինի կերպով ձայնագրել վերը հիշատակված անձանց խոսակցությունը, փորձեցինք հետաքրքրվել մանդատավոր աներձագից, ով նախ սկսեց արդարանալ.
- Ես ասել եմ, որ լսե՞լ եմ այդ ձայնագրությունը:
-Բայց մենք Ձեզ նման բան չասացինք, ընդամենը հարցնում ենք՝ որտեղի՛ց Ձեզ նման տեղեկատվություն:
- Ես վարչապետից եմ լսել այդ խոսակցության մասին՝ հրապարակում, վստահ եմ, որ հենց այնպես դրա մասին չէր խոսվի:
-Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ առանձին անձանց խոսակցություն ձայնագրելը ենթադրում է իրավական պատասխանատվություն:
- Բայց որտեղի՞ց Ձեզ մոտ համոզմունք, որ նման իրավունք չեն ունեցել մարդիկ:
-Դե Ձեզ եմ հարցնում, որ հասկանամ:
-Ես չգիտեմ՝ ինչ պայմաններում են ձայնագրել այդ մարդկանց, բայց որ վարչապետը խոսում է՝ ուրեմն կան, չէ՞, փաստեր:
-Դե վարչապետը շատ բաներից է խոսում առանց փաստերի: Եթե կան փաստեր, խնդրում եմ լուսավորեք մեզ:
- Ես ասացի էն, ինչ գիտեմ: Հիմա Դուք էլ եք ինձ ձայնագրում՝ դա անօրինակա՞ն է:
-Ես լրագրող եմ, իսկ Դուք՝ օրենսդիր, և ես Ձեզ չեմ գաղտնալսում, այլ հստակ հարցս հնչեցնելիս ակնհայտ է չէի, որ խոսակցությունը ձայնագրվելու է:
-Դե հիմա, Դուք ինչ գիտեք՝ էդ խոսակցությունը ոնց է ձայնագրվել:
-Դե դա եմ ասում՝ լուսավորեք, խնդրեմ:
-Ասացի այն, ինչ ասել եմ, կներեք:
Մենք գրավոր հարցով դիմել ենք նաև Դատախազություն՝ հետաքրքրվելու, արդյո՞ք պարոն Հակոբյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: