Որտեղ է եղել Ադրբեջանի լրտես համարվող Մարիան Քլարկ-Հաթինգը․ ՀՀ-ն ունի՞ ԱԱԾ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ իր մանդատի իրականացման գործում թերացումների և ոչ համագործակցային աշխատելաոճի համար դադարեցվել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը:
Թեև համացանցում լուրեր էին տարածվել, թե հայաստանյան գրասենյակի արդեն նախկին ղեկավարը լրտեսություն է արել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, սակայն ՀՀ ԱԳՆ-ն դա պաշտոնապես չհաստատեց՝ ազատման իրական պատճառի մասին այդպես էլ չխոսելով: «Ժողովուրդ» օրաթերթը գնաց այս տեղեկությունների հետքերով, և ուժային կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչով զբաղվել է ԱԱԾ հակահետախուզությունը, սակայն զարմանալի դանդաղկոտությամբ այս մասին տեղեկությունը տարածվեց պատերազմից միայն չորս ամիս անց, ու այդպես էլ հայտնի չդարձավ՝ ԱԱԾ-ն երբ է նրա լրտեսությունը բացահայտել:
Եվ տարօրինակ է, թե ինչու նրա նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել, այլ միայն կառավարության որոշմամբ նա պաշտոնանկ արվեց: Ինչպե՞ս է նա կարողացել անարգել դուրս գալ Հայաստանից: Ամեն դեպքում, մեզ հայտնի չէ, թե Մարիան Քլարկ-Հաթինգը որտեղ է եղել 44-օրյա պատերազմի օրերին, ինչ տեղեկությունների է տիրապետել, ինչու նա այդ ընթացքում երբևէ չի արձագանքել Ադրբեջանի տարբեր վայրագություններին երեխաների նկատմամբ այն դեպքում, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր առաքելություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը:
Եվ այս իրավիճակում հարց է առաջանում՝ արդյոք մենք ունե՞նք Ազգային անվտանգության ծառայություն, որը պետք է զբաղվի մեր երկրի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելով, նաև լրտեսներին բացահայտելով, թե՞ այլևս այդ կառույցի գլխավոր առաքելությունը «ֆեյք» բռնելն է կամ սատանաներ որսալը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: