Մեգան Մարքլի և արքայազն Հարիի աղմկահարույց հարցազրույցից հետո Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում «ճգնաժամային» հանդիպումներ են անցկացվել
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ավագ անդամների մասնակցությամբ «ճգնաժամային» հանդիպումներ են տեղի ունեցել Սասեքսի դուքս արքայազն Հարիի և դքսուհի Մեգան Մարքլի՝ ամերիկյան CBS հեռուստաալիքի եթերում Օփրա Ուինֆրիին տված աղմկահարույց հարցազրույցից հետո, գրում է BBC-ն:
Այս առնչությամբ լրատվամիջոցի՝ թագավորական ընտանիքի հարցերով թղթակից Դանիելա Ռելֆի խոսքով՝ Բուկինգհեմյան պալատը «չի ցանկանում շտապել ինչ-որ բան ասել» արքայազն Հարրիի և Մեգանի պնդումների վերաբերյալ:
Վերջին հաշվարկներով՝ թագավորական ընտանիքի նախկին ավագ անդամների հարցազրույցը ԱՄՆ-ում դիտել է ավելի քան 17,1 միլիոն, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 11,1 միլիոն մարդ, որը հեռուստատեսության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է:
Հիշեցնենք՝ Մեգան Մարքլը, որը թագավորական ընտանիքի առաջին խառնածին անդամն է, երկժամյա հարցազրույցում մի շարք մանրամասներ էր ներկայացրել այն ժամանակից, երբ իր ամուսնու՝ Հարիի հետ ամուսնանալուց հետո բնակվել է Մեծ Բրիտանիայում: Հարցազրույցի ժամանակ Մեգանն անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են հոգեկան առողջությունը, ինքնասպանությունը, ռասիզմը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մեգան Մարքլը խոստովանել էր, որ պատրաստ է եղել ինքնասպան լինել հղիության ընթացքում:
Նշենք՝ 2021 թվականի փետրվարին Բուկինգհեմյան պալատը հաստատել էր Սասեքսի դուքսի և դքսուհու վերջնական հրաժարականը թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունները կատարելուց: Այժմ զույգն սպասում է երկրորդ երեխայի ծնունդին: Մարքլը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ աղջկա է սպասում: