Հռոմի պապն Իրաքում այցելել է հայկական և սիրիական եկեղեցիներ (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Մոսուլը լքելուց առաջ, այցելել է Իրաքում գտնվող սիրիական և հայկական եկեղեցիներ։
Այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում գրել է Վատիկանի թղթակից Ինես Սան Մարտինին։
«Հռոմի պապը մասնավոր այց է ունեցել սիրիական և հայկական եկեղեցիներ»,- մանրամասնել է Մարտինին և կից լուսանկարներ հրապարակել:
Հիշեցնենք՝ Հռոմի պապի եռօրյա ուղևորությունն Իրաք մեկնարկել էր մարտի 5-ին: Նշենք՝ նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելել է այս երկիր:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում Հռոմի պապը հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի և այլ պաշտոնատար անձանց հետ` ենթադրաբար, քննարկելու քրիստոնյաների նկատմամբ առկա խտրականությանն ու վախի մթնոլորտին առնչվող խնդիրներ: Նա նաև այցելել է Նաջաֆ, որտեղ հանդիպել է Իրաքի շիա իշխանության բարձրագույն ներկայացուցիչ Այաթոլլա Ալի ալ-Սիսթանիին։
Այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը հանդիպումներ է ունեցել նաև նվազող քրիստոնեական համայնքների ներկայացուցիչների հետ Բաղդադում, Մոսուլում և Քարաքոշում։ Էրբիլում Հռոմի պապը հանդիպել է նաև քրդական իշխանությունների և կենտրոնական Իրաքում ապաստան գտած 150 հազար քրիստոնյա փախստականների մի մասի հետ: