Սպիտակ տունն անդրադարձել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի աղմկահարույց հարցազրույցին` գովաբանելով զույգի «խիզախությունը»
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Փսակին գովաբանել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի և նրա ամուսնու՝ Սասեքսի դուքս արքայազն Հարրի խիզախությունը, գրում է Daily Mail-ը:
«Այն մարդուց, որը կարող է խոսել հոգեկան առողջության հետ կապված սեփական պայքարի մասին և պատմել իր անձնական պատմությունը, խիզախություն է պահանջվում, և դա, իհարկե, մի բան է, որին հավատում է նախագահը»,- հայտարարել է Փսակին:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը միևնույն ժամանակ հավելել է, որ ԱՄՆ-ն ամուր և կայուն հարաբերություններ ունի բրիտանացի ժողովրդի հետ և հատուկ գործընկերություն Միացյալ Թագավորության կառավարության հետ մի շարք հարցերի շուրջ, որը շարունակական բնույթ կկրի:
Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան CBS հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցի առաջին մասում, որի ժամանակ ամուսինները ներկայացրել են թագավորական ընտանիքում ապրած ժամանակահատվածի ծանր պահերը, Մեգան Մարքլը խոստովանել էր, որ պատրաստ է եղել ինքնասպան լինել հղիության ընթացքում:
Օփրա Ուինֆրիի հետ աղմկահարույց հարցազրույցի ընթացքում Մեգանը մի շարք մանրամասներ էր ներկայացրել թագավորական ընտանիքի մասին, որոնց ականատես է եղել Մեծ Բրիտանիայում ապրելու ժամանակ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2021 թվականի փետրվարին Բուկինգհեմյան պալատը հաստատել էր Սասեքսի դուքսի և դքսուհու վերջնական հրաժարականը թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունները կատարելուց: Այժմ զույգն սպասում է երկրորդ երեխայի ծնունդին: Մարքլը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ աղջկա է սպասում: