«Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդն է գնում սարի մոտ». Զելենսկին ցանկանում է անձամբ հանդիպել Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր «Ուկրաինա 30. մշակույթ, մեդիա, զբոսաշրջություն» համաժողովի առնչությամբ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նորմանդական քառյակ»-ի նոր հանդիպում նախապատրաստելու մասին, գրում է strana.ua-ն:
Միևնույն ժամանակ, Զելենսկին հավելել է, որ եթե հանդիպումը տեղի չունենա, նախատեսվում է երկկողմ հանդիպումներ կազմակերպել երկրների ղեկավարներից յուրաքանչյուրի հետ:
«Ամեն դեպքում, հանդիպումը նախապատրաստվում է: Դա պետք է լինի: Ես ձեզ այս մասին ասում եմ իմ անունից, և ես դա ասել եմ նաև մեր արևմտյան գործընկերներին: Նորմանդական ձևաչափով հանդիպումը տեղի կունենա, ես կգտնեմ ճիշտ ձևաչափը, երբ հանդիպեմ քառյակի կազմում ընդգրկված երկրների ղեկավարներից յուրաքանչյուրի հետ»,- հստակեցրել է Զելենսկին ու մեջբերել հայտնի ասացվածքը՝ «եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդն է գնում սարի մոտ»:
«Այստեղ որևէ սարսափելի բան չկա: Դա նշանակում է, որ ես նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին կհանդիպեմ»,- շեշտել է նա:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «այս կարևոր հարցի» լուծումը չի հետաձգվի:
Հիշեցնենք՝ «Նորմանդական քառյակ»-ը չորս երկրների ղեկավարներից կազմված խումբ է՝ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով: Ձևաչափի սկիզբը դրվել է 2014 թվականի հունիսի 6-ին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների՝ Նորմանդիայում (Ֆրանսիա) կայացած հանդիպման ժամանակ:
Ներկայում Նորմանդական ձևաչափով շփումներն իրականացվում են և չորս երկրների արտգործնախարարների և փորձագիտական մակարդակներով։