«Էրդողանը հեռացնում է Թուրքիան Եվրոպայից»․ Դավութօղլու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռացնում է երկիրը Եվրոպայից` փոխելով երկրի քաղաքականության բնույթը, երկուշաբթի ասել է նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդը հունական Kathimerini թերթին ասել է, որ Էրդողանը փոխել է երկրի կառավարման համակարգը, հակառակ բոլոր նախազգուշացումներին՝ այդպիսով այդ քայլով փոխելով քաղաքականությունը Թուրքիայում:
«Ներկայիս մոտեցումը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից», - նշել է նախկին վարչապետը:
Թուրքիայի ներկայիս նախագահական համակարգը, որին անցում է կատարվել 2018 թվականի հունիսին կայացած ընտրությունների արդյունքում, ենթարկվել է քննադատության՝ վարչապետի պաշտոնը վերացնելու և գործադիր լիազորությունները նախագահին փոխանցելու համար:
Այնուամենայնիվ, Էրդողանն այն նկարագրում է որպես կառավարության սահուն գործելակերպը դյուրացնող համակարգ և մերժում՝ նախկին համակարգին վերադառնալու ընդդիմության կոչերը:
«Համակարգն ազդել է արտաքին քաղաքականության վրա», – ասել է Դավութօղլուն՝ շեշտելով, որ անձնական շփումները գերադասվել են երկարաժամկետ ռազմավարություններից:
«Եթե Էրդողանի հարաբերությունները Պուտինի հետ լավ են, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնպես լավ են: Նույնն էլ Թրամփի հետ»,-հավելել է նախկին վարչապետը:
Անդրադառնալով Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններին՝ նախկին վարչապետն ասել է․ «Թուրքիան Միջերկրական ծովի ափին ամենաերկար ափամերձ գիծն ունի: Նա, ով կարծում է, որ կարող է Կաստելորիզոնի և Կիպրոսի միջոցով Թուրքիային փակել Անթալիայի ծոցում, պետք է իմանա, որ դա ուժեղ արձագանք կունենա», - ասել է նա:
Դավութօղլուն զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը 2014 թվականից մինչը 2016–ը։ 2019 թվականին նա դուրս է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից և անդամակցել ընդդիմադիր «Ապագա» կուսակցությանը։