Նախագահն անպայման կարձագանքի մինչև սահմանված ժամկետը․ Վահրամ Բաղդասարյանը՝ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկի վերաբերյալ որոշման մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախագահ Արմեն Սարգսյանն անհասկանալի դեգերումների մեջ է, մի կողմից առարկություններով հետ է վերադարձնում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի որոշումը, մյուս կողմից՝ փորձում է իրավաբանական աճպարարությունների միջոցով գլուխը պրծացնել պատասխանատվությունից և Սահմանադրական դատարանում վիճարկել ոչ թե իր կողմից մերժված և սահմանադրականության հետ խնդիրներ ունեցող միջնորդությունը, այլ այն օրենքի դրույթը, որի հիմքով վարչապետը որոշում է կայացրել։ Կիրակի օրը Արմեն Սարգսյանը կրկին հանդիպում է նախաձեռնել Հայրենիքի փրկության շարժման հետ, ավելի ճիշտ՝ միայն ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն ու Վահրամ Բաղդասարյանը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:
Թե ինչու է Արմեն Սարգսյանը հանդիպում նախաձեռնել, ապա ՀՓՇ-ից հրավիրել միայն Վահրամ Բաղդասարյանին, ինչ նոր ասելիք է ունեցել, դեռևս հայտնի չէ։ Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահն է այդպես ցանկացել․ «Ինքն է ուզել, ես էլ գնացել եմ»։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին նախագահը հյուրընկալել էր ՀՓՇ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանին:
Ընդդիմադիրները նախագահից պահանջում են Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետի միջնորդությունն ուղարկել Սահմանադրական դատարան։ Տասն օրից ավելի Բաղրամյան պողոտան փակ պահող ընդդիմադիրները հայտարարում են, որ նախագահը մինչև այսօր՝ մարտի 9-ը, ժամանակ ունի որոշում կայացնելու համար։
Հիշեցնենք․ փետրվարի 25-ին, երբ զինված ուժերի անունից հրապարակվեց Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով, Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրեց ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը: Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։
Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով հրամանագրի նախագիծը հետ ուղարկեց, սակայն նույն օրը վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։ Մարտի 2-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ինչպես նաև առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։ Մինչդեռ ընդդիմադիրները պահանջում են ՍԴ դիմել Փաշինյանի որոշման հիմքով։ Զրուցեցինք Վահրամ Բաղդասարյանի հետ։
- Պարոն Բաղդասարյան, նախագահ Արմեն Սարգսյանը նոր բան ունե՞ր Ձեզ ասելու, ինչո՞ւ էր նախաձեռնել հանդիպումը։
- Մենք նորից այդ հանդիպմանը պնդել ենք Հայրենիքի փրկության շարժման պնդումը, այն է, որ որոշումը չստորագրելն արդեն իսկ նշանակում է, որ ինքն ընդունել է՝ այդ որոշումը հակասահմանադրական է, իսկ ՍԴ-ի հետ կապված, մինչև օրինական ժամկետը, ինքը կարձագանքի։ Որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, բայց ինքն անպայման կարձագանքի մինչև սահմանված ժամկետը։
- Իսկ Արմեն Սարգսյանն ի՞նչ առարկություններ ունի, ինքը չի՞ ընդունում ձեր պնդումը, որ եթե չի ստորագրել Փաշինյանի որոշումը, առարկել է դրան, ապա հաջորդ քայլը պետք է լինի ՍԴ դիմելը կամ չդիմելը։ Նկատի ունեմ՝ ինչի՞ շուրջ է բանակցում ընդդիմության հետ, որ մի քանի անգամ հանդիպում է կազմակերպում։
- Մենք էլ դա ենք ներկայացնում, որ ինքը պարտավոր է դիմել ՍԴ՝ հենց այդ որոշման հիմքով, և վիճարկի Օնիկ Գասպարյանի ազատման որոշման հակասահմանադրականությունը։
- Նախագահի իրավաբանները գուցե ա՞յլ բան են հուշել, ի՞նչ պատասխանեց ձեզ։
- Ասաց, որ դեռ ժամանակ ունի, որոշակի ճշտումներ է անում, անպայման կարձագանքի, ավելին չեմ կարող մանրամասնել։
- Մի փոքր տարօրինակ է, որ ՀՓՇ-ից միայն Ձեզ հետ է հանդիպումը տեղի ունեցել, կարծեմ՝ երկու անգամ․․․
- Մենք մի անգամ բոլորս հանդիպում ենք ունեցել, հետո իր ցանկությամբ՝ ցանկացել է ինձ հետ հանդիպել՝ հանդիպել ենք, որոշակի հարցերի հետ կապված ճշտումներ ենք արել, երեք անգամ ենք հանդիպել, հիմա սպասում ենք պատասխանի։
- Իսկ ինչո՞ւ հենց Դուք, ոչ, ասենք, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
- Չեմ կարող ասել, նախագահի ցանկությունն էր։
- Ջերմ կապե՞ր ունեք՝ անցյալով պայմանավորված։
- Բացարձակապես, միայն աշխատանքային և պաշտոնական կապեր։
- Օնիկ Գասպարյանի մնալ-չմնալու հարցն ինչպե՞ս կանդրադառնա ՀՓՇ-ի հետագա գործողությունների վրա։
- Անկախ ցանկացած ելքից, շարժումը պիտի շարունակի իր գործունեությունը, մինչև հասնի իր հռչակած նպատակի իրագործմանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: