Մեծ Բրիտանիայում ընկած հազվագյուտ երկնաքարի բեկորը կարող է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ» պարունակել
Փետրվարի 28-ին Մեծ Բրիտանիայի մայրուղիներից մեկի վրա ընկած երկնաքարի բեկորն իր տեսակի մեջ հազվագյուտ է, քանի որ այն կարող է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ» պարունակել, գրում է CNN-ը:
Նշվում է՝ գրեթե 300 գրամ քաշով տիեզերական օբյեկտը, որը գիտնականների կողմից հայտնաբերվել է թագավորության Գլուստերշիր քաղաքում, մեծ մասամբ կազմված է եղել ածխածնային քրոնդրիտից: Վերջինս արեգակնային համակարգի ամենապարզունակ և մաքուր նյութերից մեկն է, որը պարունակում է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ»՝ օրգանական նյութեր և ամինաթթուներ:
Լոնդոնի գիտության թանգարանի տվյալների համաձայն՝ Երկրի վրա հայտնաբերվել է մոտավորապես 65 000 երկնաքարի բեկոր, և դրանց միայն 51-ն են բաղկացած ածխածնային քրոնդրիտներից: