Իսրայելը օկուպացրել է Գազայի հատվածը, Հորդանան գետի Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը. ԱՄՆ վարչակազմ
ԱՄՆ վարչակազմը պատմական փաստ է համարում, որ 1967-ի պատերազմի ընթացքում Իսրայելը օկուպացրել է Գազայի հատվածը, Հորդանան գետի Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը: Այս մասին երկուշաբթի լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
ТАСС-ի հաղորդմամբ՝ Փրայսը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում ներկայիս ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը տարբերվում նախորդից:
«Սա պատմական հարց է: Չի կարելի հերքել, որ Իսրայելը 1967-ի պատերազմի ժամանակ գրավել է Հորդանան գետի ափը, Գազան, Արևելյան Երուսաղեմը: Մեր դիրքորոշումը կայանում է երկպետական լուծման մեջ», - ասել է նա՝ հավելյալ չմանրամասնելով:
«Մեր առաջադրանքը երկպետական լուծումն է, որով Իսրայելը խաղաղ կապրի պաղեստինյան պետության կողքին: Դա ոչ միայն համահունչ է մեր, այլև տարածաշրջանի արժեքներին և շահերին», - շարունակել է նա: