Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից պատրաստվում է զորավարժություն իրականացնել Արմավիրի մարզում: Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է՝ դատելով այն իրավիճակից, որ առկա է Հայաստանում՝ Գլխավոր շտաբի ու ՊՆ-ի հակասությունը, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների իրավիճակը:
Դրան զուգահեռ նկատենք, որ այս օրերին ընթանում են նաեւ վեց շաբաթ տեւողությամբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ այն դեպքում, երբ նախորդ զորավարժությունն ավարտվեց փետրվարի 12-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների մասով մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Զորավարժությունների լուրը ուրախալի է, որ հայկական բանակը ամրանալու փորձեր է անում, բայց ուշագրավ է, որ զորավարժությունների որոշումը կայացվել է պատերազմում վիրավորված հայկական բանակի կատարյալ պառակտման պայմաններում։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը պետի գլխավորությամբ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Պաշտպանության նախարարությունը հրապարակավ չի կիսում այդ տեսակետը:
Հիշեցնենք, որ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի եւ ԳՇ պետ Օնին Գասպարյանի հարաբերությունները լարված են նախարարի նշանակման օրվանից, եւ դրա բացասական ազդեցությունը բանակի ներքին անկայունության այսօրվա իրավիճակի վրա էական է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: