Բայդենը մտադիր է ապրիլին Սպիտակ տանը հանդիպել Ճապոնիայի վարչապետի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է ընթացիկ տարվա ապրիլին Սպիտակ տանը առերես հանդիպում անցկացնել Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ: Այս մասին հայտնել է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Այսպիսով, Ճապոնիայի վարչապետը կդառնա առաջին օտարերկրյա ղեկավարը, ում հետ Բայդենը կհանդիպի իր պաշտոնական նստավայրում, նշում է Axios-ը: Ընդ որում, պորտալի տեղեկություններով, հանդիպման ժամկետը կարող է տեղափոխվել ավելի ուշ ժամկետ՝ կախված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հաջողություններից: Ինչպես հաղորդում է պորտալը, հանդիպումը պետք է ընդգծի ամերիկա-ճապոնական դաշինքի կարեւորությունը, ինչպես նաեւ ԱՄՆ օտարերկրյա ղեկավարների այցերի շարքում դառնա առաջինը: Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել երկու երկրների ղեկավարների հնարավոր գագաթնաժողովի մասին տեղեկությունները:
Բայդենն ավելի վաղ արդեն երկկողմ հեռավար հանդիպում էր անցկացրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Սպիտակ տան ղեկավարը նախատեսում է առաջիկայում նույն ձեւաչափով հանդիպել Ավստրալիայի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի ղեկավարների հետ:
2009 թվականի փետրվարին այդ ժամանակ Ճապոնիայի վարչապետ Տարո Ասոն նույնպես առաջին օտարերկրյա ղեկավարն էր, որին ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման ընդունել էր Սպիտակ տանը: