Մեգան Մարքլն ակնարկել է թագավորական ընտանիքում ռասիզմի մասին
Մեգան Մարքլն ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում ակնարկել է բրիտանական թագավորական ընտանիքում ռասիզմի մասին։ Նրա խոսքով՝ դինաստիայի ներկայացուցիչներից մի քանիսն իր առաջին հղիության ընթացքում անհանգստություն էին ցուցաբերում ապագա որդու մաշկի գույնի պատճառով։ Հարցազրույցը հեռարձակում է CBS-ը։
Դքսուհին պատմել է, թե ինչպես են իրեն շոկի ենթարկել թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ երեխան արքայազն չի դառնա և անձնական անվտանգություն չի ունենա, «քանի որ չէին ցանկանում, որ նա արքայազն դառնա և ծրագրում էին խախտել սահմանված կարգը»։ Նրա խոսքով՝ Արչիի լույս աշխարհ գալուց հետո «քննարկումներ են եղել, թե որքան մուգ կլինի» նրա մաշկի գույնը։
Ընդ որում, Մեգան Մարքլը հրաժարվել է պատասխանել հարցին, թե թագավորական ընտանիքից ով է եղել այդ խոսակցությունների նախաձեռնողը՝ «ընտանիքին շատ մեծ վնաս չհասցնելու համար»։
Մարտի 8-ին «CBS» հեռուստաալիքը սկսել է արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարցազրույցի հեռարձակումը։ Սպասվում էր, որ նրանք առաջին անգամ կպատմեն բրիտանական մամուլի կողմից հալածանքի եւ բրիտանական թագավորական ընտանիքի եւ աշխատակիցների հետ կոնֆլիկտների մասին։
Արքայազն Հարիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի առաջին երեխան լույս աշխարհ է եկել 2019թ․-ի մայիսի 6-ին։ Երեխային տվել են Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձոր անունը։
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը դադարել են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները 2020թ․-ի ապրիլի 1-ին։ ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար նրանք ստիպված են եղել հրաժարվել «Ձերդ մեծություն» դիմելաձեւից, պետական ֆինանսավորումից եւ Sussex Royal ապրանքանիշից։ Netflix-ի հետ պայմանագրի կնքումից հետո Հարին ու Մեգանը թագավորական ընտանիքից անկախություն են ստացել։