Թոմ Քրուզն անակնկալ այցելել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայություն` կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին շնորհակալություն հայտնելու (լուսանկարներ, տեսանյութ)
Թոմ Քրուզը զարմացրել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին, պատահական այցի ընթացքում շնորհակալություն հայտնելով նրանց՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի հարցում ներդրած ջանքերի համար, հայտնում է Daily Mail–ը:
Ենթադրվում է, որ 58-ամյա դերասանն անցյալ հինգշաբթի գաղտնի այց է կատարել Արևելյան Լոնդոնի ExCel կենտրոն՝ շնորհակալություն հայտնելու կենտրոնի աշխատակիցներին:
The Sun–ին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ դերասանն իր աշխատակազմին հաղորդել է, որ ցանկանում է պատվել առողջապահական ոլորտի այն աշխատակիցներին, որոնք աջակցել են իր մասնակցությամբ «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանման ընթացքին։
ExCel կենտրոնն այժմ պատվաստանյութերի խոշորագույն կենտրոններից է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am–ը, ֆիլմի արտադրական փուլը 2020 թվականի փետրվարից տեղափոխվել էր 2020 թվականի հուլիս։ Նկարահանումներն սկսվել էին Մեծ Բրիտանիայում, ապա շարունակվել Նորվեգիայում։
Անցյալ ամիս ռեժիսոր Քրիստոֆեր Մքքուարին ինստագրամյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումները վերջապես ավարտվել են Աբու Դաբիում, և նա մեկնում է Լոնդոն: