«Հղիության ընթացքում բառացիորեն պատրաստ էի ինքնասպանություն գործել». Մեգան Մարքլն աղմկահարույց բացահայտումներ է արել թագավորական ընտանիքում կյանքի մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, պատմել է, որ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները պսակադրությունից հետո իրեն ստիպել են հրաժարվել հանրային ելույթներից, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Կիրակի CBS հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հարցրել է Մարքլին՝ լռում էր որովհետև ի՞նքն է այդպես ցանկանում, թե՞ որովհետև թագավորական ընտանիքն էր ստիպում:
«Վերջինը», - լրագրողի հարցին ի պատասխան ասել է Սասեքսի դքսուհին:
Նա նաև շեշտել է, որ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները «պատրաստ են ստել»՝ իրենց ընտանիքի անդամներին պաշտպանելու համար, սակայն նրանք չեն պաշտպանել արքայազնին և նրա կնոջը:
«Ես հասկացա, որ ինձ չէին պաշտպանում. նրանք պատրաստ էին ստել ընտանիքի մյուս անդամներին պաշտպանելու համար, սակայն նրանք չէին ուզում ստել ինձ ու ամուսնուս պաշտպանելու համար», - նշել է դքսուհին։
Միևնույն ժամանակ, Մարքլը հավելել է, որ իրեն ընդունել են թագավորական ընտանիքում, սակայն ընդունողները նրանք չեն, ովքեր ղեկավարում են այդ հաստատությունը (թագավորական ընտանիքը) և հավելել․ «Թագուհին միշտ հիանալի է վերաբերվել ինձ»։
Անդրադառնալով իր առաջին հղիությանն ու իրենց առաջնեկին՝ Մեգան Մարքլն ասել է, որ թագավորական ընտանիքի որոշ անդամներ լրջորեն անհանգստացած են եղել իրենց չծնված երեխայի մաշկի գույնով:
Նա հայտնել է, որ առաջին հղիության ընթացքում թագավորական ընտանիքի ներկայացուցիչներն ասել են, որ երեխան արքայազն չի դառնա, ուստի անձնական պաշտպանություն չի ստանա․ «Նրանք չէին ցանկանում, որ նա արքայազն կամ արքայադուստր լիներ, երբ նույնիսկ չգիտեին երեխայի սեռը:
«Երբ ես հղի էի, նրանք ցանկանում էին փոխել ավանդույթը», - նշել է Մարքլը:
Նա բացատրել է, որ թագավորական ընտանիքը «դժկամությամբ էր ցանկանում որդուն կոչում և պաշտպանություն տալ»՝ «մտահոգվելով, որ նրա մաշկը կարող է մուգ լինել»: Դքսուհին հրաժարվել է ասել, թե ով է այս խոսակցությունների նախաձեռնողը և մատնանշել․ «Դա շատ վտանգավոր կլինի նրանց համար»:
Դքսուհին շեշտել է, որ հղիության ընթացքում ինքը բառացիորեն պատրաստ է եղել ինքնասպանություն գործել՝ թագավորական ընտանիքի որոշ անդամների, ինչպես նաև լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի կողմից գործադրվող ճնշման պատճառով․ «Ես պարզապես այլևս չէի ուզում ապրել: Եվ դա շատ իրական և վախեցնող միտք էր»։
Նա նշել է, որ այժմ հղի է, աղջիկ երեխայի է սպասում, որը լույս աշխարհ կգա այս ամռանը:
Մաքլի խոսքով՝ ինքը և արքայազն Հարին գաղտնի ամուսնացել են՝ 2018 թվականի մայիսի 19-ին հեռուստատեսությամբ ցուցադրված ամուսնության պաշտոնական արարողությունից երեք օր առաջ․ «Դա շոու էր ամբողջ աշխարհի համար»։
Ավելի քան մեկ տարի առաջ արքայազն Հարին և նրա կինը հայտարարել են՝ թագավորական ընտանիքի ավագ անդամի կարգավիճակից հրաժարվելու և իրենց ֆինանսական անկախությունն ապահովելու մտադրության մասին: Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2020 թվականի մարտի 31-ից, որից հետո զույգը կորցրել է ճանապարհորդություններում Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն պաշտոնապես ներկայացնելու, արարողակարգային այլ պարտականություններ կատարելու և իրենց բարձր տիտղոսն օգտագործելու հնարավորությունը:
Ներկայում զույգն ապրում է Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում՝ Խաղաղ օվկիանոսի ափին գնած իրենց տանը և մեծացնում որդուն՝ Արչիին: Փետրվարին նրանք հայտարարել են, որ սպասում են իրենց երկրորդ երեխային:
Ավելի վաղ բրիտանական թերթերում լուրեր էին տարածվել այն մասին, որ մինչ թագավորական ընտանիքի ավագ անդամի պարտականություններից հրաժարվելը, Մարքլը հակասություններ է ունեցել թագավորական ընտանիքի ենթակաների հետ։ Նախկին օգնականները նրան մեղադրել են իրենց ահաբեկելու և անխոհեմ պահանջների համար: Բուկինգհեմյան պալատում խոստացել են հետաքննություն անցկացենլ, իսկ դուքսի և դքսուհու ներկայացուցիչները կտրականապես մերժել են մեղադրանքները՝ դրանք կեղծ անվանելով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուելսի արքայազն Չարլզն իր կրտսեր որդու՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի` թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու որոշումից հետո դադարել է շփվել նրանց հետ։