Ամերիկացի հոգևորականը կանանց խորհուրդ է տվել նիհարել և նմանվել Մելանյա Թրամփին, ինչի հետևանքով հայտնվել է քննադատությունների թիրախում և առժամանակ լքել եկեղեցին
Ամերիկյան մկրտչական եկեղեցու հոգևորականներից մեկը նախօրեին իր ելույթում կանանց խորհուրդ է տվել նիհարել և նմանվել նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփին, գրում է CTV News-ը՝ նշելով, որ իր ելույթից հետո հոգևորականը հայտնվել է քննադատությունների թիրախում և առժամանակ լքել եկեղեցին։
Հոգևորական Ստյուարտ Ալեն Քլարկը հայտարարել է, որ կանայք պետք է նիհարեն և պահպանեն իրենց գրավիչ տեսքը՝ ամուսինների ուշադրությունը մշտապես իրենց վրա պահելու համար։
«Ես չեմ ասում, որ յուրաքանչյուր կին կարող է տիտղոսակիր կին լինել, ինչպես, օրինակ, Մելանյա Թրամփն է։ Կանանց մեծ մասը տիտղոսակիր կին չի կարող լինել, բայց գուցե կարողանաք մասնակցության համար տիտղոս ստանալ»,-ասել է հոգևորականը՝ կանանց կոչ անելով հրաժարվել սպորտային տաբատներից և լայն հագուստներից։
Հոգևորականի ելույթի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցնում․ մի շարք օգտատերեր նրան մեղադրել են կանանց նկատմամբ խտրականության համար։
Ավելի ուշ ամերիկյան մկրտչական եկեղեցու ներկայացուցիչը հայտնել է, որ Ստյուարտ Ալեն Քլարկը առժամանակ արձակուրդ է գնացել և այդ ընթացքում «մասնագիտական խորհրդատվություն» կստանա։ Եկեղեցում նաև ընդգծել են, որ վերջինիս հայտարարությունները չեն համապատասխանում մկրտչական եկեղեցու դիրքորոշումներին ու արժեքներին։