ՌԴ բնակչուհին իր դեմ հարձակում է բեմականացրել՝ ամուսնու ուշադրությունը գրավելու համար
ՌԴ կազմում ընդգրկված Դաղստանի Հանրապետության բնակչուհիներից մեկը որոշել է արտասովոր միջոցով գրավել ամուսնու ուշադրությունը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Դաղստանի ՆԳՆ հաղորդագրությունը, տեղի բնակիչը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ դիմակով, անհայտ տղամարդը ներխուժել է բնակարան, կապել կնոջն ու գողացել նրա հեռախոսը:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները, սակայն զրույցի ժամանակ տուժած կինը սկսել է շփոթվել՝ ստիպելով իրավապահներին կասկածել նրան:
Շուտով պարզվել է, որ կինն ինքն է բեմադրել «կողոպուտը», որպեսզի գրավի ամուսնու ուշադրությունը: Նա դիտմամբ իրերը շաղ է տվել բնակարանով մեկ և թաքցրել բջջայինը, այնուհետև պարանով կապել է ձեռքերն ու սպասել ամուսնու վերադարձին: Ապա պատմել է ամուսնուն, որ իրեն կողոպտել են:
«Հարգելի ամուսիններ, ուշադրություն դարձրե՛ք ձեր կանանց, որպեսզի իրենք ստիպված չլինեն հարձակում բեմականացնել և դրան ներքաշել ոստիկանությանը»,- ասվում է տեղի ոստիկանության հաղորդագրության մեջ: