Անգելա Մերկելը արտահայտվել է լիարժեք գենդերային հավասարության օգտին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դիմել է Գերմանիայում իրական գենդերային հավասարություն ապահովելու կոչով: «Կանայք պետք է վաստակեն նույնքան, որքան՝ տղամարդիկ: Մեզ հավասարություն է պետք հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,- շեշտել է կառավարության ղեկավարը երկրի քաղաքացիներին ուղղված ամենշաբաթյա տեսաուղերձում: Մարտի 6-ի ելույթը նվիրված է եղել Կանանց միջազգային օրվան՝ մարտի 8-ին, հաղորդում է Deutsche Welle-ն:
Կանցլերի խոսքով, չի կարելի համակերպվել իրավիճակին, երբ հասարակության զարգացմանը մեծապես նպաստող կանայք քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտների կարևոր որոշումների ընդունմանը հավասար մասնակցություն չունեն:
Ըստ Մերկելի, համավարակը բացահայտեց «կարծես թե հաղթահարված կարծրատիպերը»: Նրա խոսքով, ավելի ու ավելի շատ կանայք են դժվարությամբ հավասարակշռություն պահպանում երեխաների խնամքի, նրանց ուսման և աշխատանքային պարտականությունների միջև: Կառավարության ղեկավարը անհրաժեշտ է համարում հասնել աշխատանքի և ընտանեկան հոգսերի առավել հաջող համատեղման: