Բայդենը հայտարարել է, որ տնտեսական աջակցության ծրագրով միլիոնավոր աշխատատեղեր կստեծեն, ՀՆԱ-ն 1 տրիլիոն դոլարով կաճի, ինչի շնորհիվ ԱՄՆ-ն առաջ կանցնի նաև Չինաստանից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ տնտեսական աջակցության փաթեթի ընդունումը Սենատի կողմից կօգնի տնտեսական ցուցանիշներով առաջ անցել մի շարք երկրներից, հատկապես՝ Չինաստանից, հաղորդում է ТАСС-ը:
«Այս փաթեթը թույլ կտա միլիոնավոր աշխատատեղեր ստեղծել, ակնկալում ենք, որ դրանց թիվը 6 միլիոնի կհասնի: Տնտեսական աջակցության ծրագրի շնորհիվ, կանխատեսում ենք, ՀՆԱ-ն կաճի 1 տրիլիոն դոլարով, ինչը թույլ կտա առաջ անցնել ամբողջ աշխարհից: Աշխարհը տեղում չի դոփում, հատկապես՝ Չինաստանը»,- շեշտել է Բայդենը:
Ըստ Միացյալ Նահանգների նախագահի՝ ԱՄՆ-ին դիմակայելը երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել:
«Մենք կհաղթահարենք համավարակի հետևանքները: Շարունակելու ենք մնալ ամենաառաջատար ու ամենահաջողակ տնտեսությունն աշխարհում»,- նշել է Բայդենը:
ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել նախագահ Ջո Բայդենի առաջարկած տնտեսության աջակցմանը հատկացվելիք 1.9 տրիլիոն դոլարի նախագիծը:
Ենթադրվում է, որ տնտեսական օգնության փաթեթով նախատեսված 1.9 տրիլիոն դոլարը կհատկացվի պատվաստման ազգային ծրագրի զարգացմանը, դպրոցների անվտանգ վերաբացմանը, փոքր բիզնեսի աջակցմանը, գործազրկության և երեխաների նպաստների ավելացմանը:
Հանրապետականները նախկինում հանդես էին գալիս 1.9 տրիլիոն դոլարի օգնության ծավալը 600 մլրդ դոլարի հասցնելու նախաձեռնությամբ: Նրանց կարծիքով՝ այդ գումարի մի մասը հատկացվելու է տնտեսության վերականգնման հետ կապ չունեցող հարցերի լուծմանը: