Իրանի նախագահը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անարդար բաշխման մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրանի բնակիչներին կոչ է արել շարունակել պահպանել կորոնավիրուսի համավարակի հետ կապված կանոնները՝ հաշվի առնելով պատվաստանյութերի սահմանափակ թողարկումն ու դրանց անհավասար բաշխումը աշխարհում, հաղորդում է Tasnim-ը:
Շաբաթ օրը Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստի ժամանակ Իրանի նախագահը ժողովրդին նախազգուշացրել է իրավիճակի թերագնահատման վտանգների մասին եւ կոչ է արել պահպանել COVID-19-ի հետ կապված սահմանափակումները:
«Մարդիկ պետք է հիշեն, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը սահմանափակումներ ունի, եւ պատվաստանյութի արտադրությունն ամբողջ բնակչության համար անհնար է: Ավելին, պատվաստանյութի բաշխումը նույնպես արդար չէ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պատվաստանյութի բաշխումը չի նշանակում այդ խնդրի լուծում:
Նա իրանցիներին հորդորել է եւս մեկ տարի պահպանել իրենց կենսակերպը համավարակի պայմաններում եւ զգուշացրել է նրանց, որ գարնան սկզբին գալիք Նովրուզի (Ամանոր) արձակուրդներին որեւէ ուղեւորություն չնախատեսեն։
Նախագահը նշել է, որ տոներին կարմիր եւ նարնջագույն գոտիներում Իրանի քաղաքներ ուղեւորությունները նույնպես կարգելվեն:
Իրանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը ծրագրեր է մշակել Նովրուզի ընթացքում ուղեւորությունները սահմանափակելու համար, որը կսկսվի մարտի 21-ին: Մարդկանց խորհուրդ են տվել տանը մնալ եւ զգուշություն դրսեւորել, քանի որ Իրանում տարածվում է նոր կորոնավիրուսային շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում:
Իրանը մշակել է կորոնավիրուսի դեմ իր սեփական երկու պատվաստանյութերը, որոնք կլինիկական փորձարկումներ են անցնում:
Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Թեհրանը շուրջ 16 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրի միջոցով, արտերկրից կներմուծի ավելի քան 25 միլիոն չափաբաժին եւ երկրի ներսում կարտադրի եւս 25 միլիոն չափաբաժին: