Իբրահիմովիչը մոտոցիկլով է հասել Ռան Ռեմոյի փառատոնին
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է հասել Սան Ռեմոյի երաժշտական փառատոնին:
«3 ժամ խցանման մեջ անցկացնելուց հետո վարորդին խնդրեցի բացել մեքենայի դուռը և բաց թողնել ինձ: Ես կանգնեցրի մի մոտոցիկլավարի և խնդրեցի ինձ տանել Սան Ռեմո: Հասկանում եմ, որ դա անհավանական է թվում, այդ պատճառով տեսանյութ եմ ձայնագրել: Հնարավոր է, որ ռիսկի դիմեցի, սակայն ես չեմ վախենում դրանից: Փառատոնին հասնելու այլ տարբերակ չկար»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Միջադեպի մասին պատմել է նաև մոտոցիկլավարը. «Տուն վերադառնալիս տեսա սև մեքենա: Այնտեղ կար 2 մարդ, որոնցից մեկը նման էր Իբրահիմվիչին: Պարզվեց, որ դա հենց Զլատանն է: Իհարկե, ես համաձայնեցի տանել նրան: Զանգեցի կնոջս և ասացի, որ Իբրահիմովիչի հետ գնում եմ Սան Ռեմո: Նա չհավատաց ինձ: Զլատանը ցանկանում էր ինքը վարել մոտոցիկլը, սակայն ես թույլ չտվեցի: Ես երկրպագում եմ «Միլանին»: Զլատանն ասաց, որ ինձ կուղարկի իր մարզաշապիկը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Սան Ռեմոյի փառատոնի ժամանակ Իբրահիմովիչը և «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը միասին կատարել էին Nomadi խմբի Io Vagabondo երգը, որը ներկայացվել է 1972 թվականին: