Պելեն պատմել է, թե ով կարող է դառնալ իր հետնորդը
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն գովեստի խոսքեր է ասել փարիզյան ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին:
«Մբապեն կարող է դառնալ իմ հետնորդը, ես չեմ կատակում: Շատ բան եմ տեսնում նրա կարողություններում: Մբապեն հարձակվող է, որն արագ է մտածում: Ստանալով գնդակը՝ նա արդեն գիտի, թե ինչ պետք է անի, ուր գնա և ինչպես կառուցի խաղը՝ գտնելու համար լավագույն որոշումները: Դա կարևոր գործոն է ժամանակակից ֆուտբոլում»,- 80-ամյա Պելեի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Մբապեն 2017-ին «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 23 խաղի և դարձել 17 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի 6 խաղերում ֆրանսիացին խփել է 5 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: