«Բայդենն ինչ-որ պահի կզանգի Էրդողանին»․ Սպիտակ տան մամուլի խոսնակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապագայում «ինչ-որ պահի» կզանգի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, հայտնում է Ahval–ը։
Էրդողանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին իր շնորհավորական ուղերձն է հղել նորընտիր նախագահ Ջո Բայդենին՝ կայացած ընտրություններում ձեռք բերած «հաջողության» համար։
2020 թվականի նոյեմբերին, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ, թուրք պաշտոնյաները «հարձակվել էին» Բայդենի վրա՝ New York Times-ին տված հարցազրույցի համար, որում Բայդենը պաշտպանում էր Էրդողանի դեմ ԱՄՆ–ի վճռական քաղաքականությունը և խոստանում էր, նախագահ դառնալու դեպքում, օժանդակել Թուրքիայի ընդդիմադիրներին՝ հաջորդ ընտրություններում հաղթելու համար: 2020 թվականի օգոստոսին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Բայդենին, Էրդողանի կառավարության դեմ 2016 թվականի հուլիսին կատարված հեղաշրջման փորձի շրջանակներում՝ Թուրքիայի դեմ գործող ահաբեկիչներին սատարելու և անորոշ դեր խաղալու համար:
Փսակին նշել է, որ Բայդենը մինչ օրս աշխարհի շատ առաջնորդների չի զանգահարել, և հավելել․ «Նա դեռ պետք է զանգի, և կձգտի անել դա առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Նա ինչ-որ պահի կզանգի Էրդողանին»:
Էրդողանը կարողացել է բարեկամական հարաբերություններ հաստատել ԱՄՆ–ի բոլոր նախկին նախագահների հետ՝ 2002 թվականին իշխանության գալուց ի վեր։