«Արհեստական տեսողություն». գիտնականները մտադիր են ցանցաթաղանթի նոր իմպլանտի միջոցով վերականգնել կույրերի տեսողությունը
Գիտնականները ստեղծել են ցանցաթաղանթի նոր իմպլանտ, որը կույր մարդկանց արհեստական տեսողություն կնվիրի և կօգնի նրանց կողմնորոշվել բաց տարածությունում, գրում է Daily Mail-ը։
Ինժեներների խոսքով՝ իմպլանտի միջոցով կույրերը կկարողանան տեսնել այն կետերը, որոնք կազմում են առարկաների ուրվագիծը: Դասընթացից հետո այս սխեմատիկ պատկերներում հնարավոր կդառնա ճանաչել հստակ առարկաներ:
«Արհեստական տեսողություն ունեցող մարդկանց համար աշխարհը նման կլինի գիշերային երկնքին՝ միացնելով կետ-աստղերը՝ նրանք կարծես համաստեղություններ կտեսնեն», - ասել են նորարարության հեղինակները։
Նշվում է՝ տեխնոլոգիան հիմնված է ցանցաթաղանթի իմպլանտի վրա, որը կազմված է ավելի քան 10,5 հազար էլեկտրոդներից:
Գործողության սկզբունքը հետևյալն է՝ «սմարթ» ակնոցների մեջ ներկառուցված տեսախցիկը որսում է մարդու տեսադաշտի պատկերները և տվյալներն ուղարկում միկրոհամակարգչին: Ծրագիրը ստացված տվյալները վերափոխում է լուսային ազդանշանների և փոխանցում է իմպլանտի էլեկտրոդներին: Դրանք խթանում են ցանցաթաղանթը, և օգտագործողը տեսնում է պարզեցված սև-սպիտակ պատկեր:
Իմպլանտի լայնությունը մոտավորապես մեկ սմ է, որը կտեղավորվի ցանցաթաղանթի մեջ։
Տեխնոլոգիան դեռևս չի փորձարկվել մարդկանց վրա, բայց ինժեներական թիմը պատրաստ է կլինիկական փորձարկումների: