Եթե դատավորներին ստորացնում ես՝ «վնգստացող» անվանելով, եթե ԲԴԽ նախագահին ես փորձում նվաստացնել և փոխարինել դրածոյով, դատական համակարգը՝ իր ամբողջության մեջ, համարժեք պատասխանելու է քեզ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դատական համակարգի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի բացասական վերաբերմունքը, թերևս, հասկանալի է՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը 2 տարի նստել է քաղաքական պայքարի համար և ոչ մի կերպ չի մոռանում, որ դատավորներն են իրեն կալանքի սանկցիաներ տվել, դատապարտել։ Իհարկե, կարող էր քեն չպահել՝ մանավանդ դրանից 8-9 տարի է անցել, և ինքը հիմա այլևս ընդդիմադիր գործիչ չէ, այլ պետության ղեկավար։ Բայց անհիշաչարություն, պետական ինստիտուտների նկատմամբ հարգանք չենք կարող բոլորից պահանջել։ Թեև ենթադրվում էր, որ իր տխուր փորձը՝ դատարանների հետ առնչվելու, պետք է միայն օգնեին հասկանալու այդ համակարգի գերկարևորությունը և դատավորների անկախության նշանակությունը։ Նաև պետք է գիտակցեր, որ ինչքան շատ է ճզմում և փորձում հնազանդեցնել այդ հսկա համակարգը, որը երկրի երրորդ իշխանությունն է և ոչ պակաս հզոր, քան իշխանության մյուս ճյուղերը, այնքան հակազդեցությունը մեծանալու է։
Եթե դու դատավորներին ստորացնում ես՝ «վնգստացող» անվանելով, եթե ԲԴԽ նախագահին ես փորձում նվաստացնել և փոխարինել մի դրածոյով, եթե դու ճնշում ես գործադրում մի քանի՝ քեզ ենթակա դատավորների նկատմամբ և անօրինական որոշումներ ես կորզում նրանցից, դատական համակարգը՝ իր ամբողջության մեջ, համարժեք պատասխանելու է քեզ։ Առաջին ատյանի դատարանի տված կալանքը վերաքննիչը բեկանելու է, դատախազության մեղադրանքը դատարանն է մերժելու, արդարադատության նախարարի միջնորդությունը՝ անհնազանդ դատավորին պատժելու, ԲԴԽ-ն։ Փաստաբանների պալատը քո դեմ հայտարարությամբ է հանդես գալու։ Համալսարանի իրավաբաններն ամեն օր բացահայտելու են քո օրենսդիրների տգիտությունը։ Սահմանադրական դատարանն է ընդվզելու։ Միջազգային ատյաններից են արձագանքներ լինելու և այլն, և այլն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: