Ինչի՞ համար են «տրանսպորտային» ծախսերը. «գեղեցիկ» սխեմա են մտածել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքին մարզերից մարդկանց համատարած տեղափոխումը իրականացնելու համար օգտագործվել են նաեւ տուրիստական կազմակերպությունների, ի մասնավորի՝ «Բաս վոյաժի» ավտոբուսները: Ճիշտ է, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց համակիրներին տեղափոխելը վարչական ռեսուրս չէ, սակայն փաստացի չեն էլ հերքում, որ իրականացրել են տեղափոխություն:
«Իմքայլականները» նշում են, որ պետական՝ մասնավորաբար, «ԱԺ-ի, ՊՆ-ի կամ ոստիկանության» տրանսպորտ չի տրամադրվել, ուրեմն դա չի կարող համարվել վարչական ռեսուրսի կիրառություն: Սակայն այստեղ առկա են մի շարք ուշագրավ հանգամանքներ:
Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ կառավարությունում ժամանակին կարողացել են մտածել «գեղեցիկ» սխեմա, ըստ որի, ամսական շուրջ 15 միլիոն դրամ է տրամադրվում նշյալ կազմակերպությանը՝ տրանսպորտային փոխադրումների համար: Դրան գումարած՝ նախատեսվածից «դուրս» յուրաքանչյուր ծառայության համար կատարվում է հավելյալ վճարում, եւ որոշ դեպքերում այդ գումարը ամսական կարող է հասնել ամսական մինչեւ 50-60 միլիոն դրամի:
Այն, որ պատերազմի ժամանակ այդ սխեման կիրառվել է զինծառայողներին տեղափոխելու համար, քանզի ՊՆ տրանսպորտը բավարար չի եղել, սկզբունքորեն կարելի է համարել բնական եւ ընդունված գործընթաց:
Սակայն փաստացի ստացվում է, որ նույն սխեման կարող է օգտագործվել պետբյուջեի հաշվին նաեւ իշխող թիմի քաղաքական շահերը սպասարկելու համար, այդ թվում՝ քաղաքացիներին հանրահավաքի վայր հասցնելու եւ հետ վերադարձնելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: