Այսօր մեկնարկում է Հռոմի պապի պատմական այցն Իրաք (լուսանկարներ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուրբաթ պատմական այց է սկսում Իրաք, որը նրա առաջին այցն է «Արևելյան եկեղեցիների» ծննդավայր, որտեղից վերջին 20 տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն քրիստոնյա է փախուստի դիմել, հայտնում է Al Jazeera-ի թղթակից Բարբարա Բիբբոն։
Բաղդադում Հռոմի պապը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի և այլ պաշտոնատար անձանց հետ` ենթադրաբար, քննարկելու քրիստոնյաների նկատմամբ առկա խտրականությանն ու վախի մթնոլորտին առնչվող խնդիրներ, ինչպես նաև այցելելու է Նաջաֆ՝ հանդիպելու Իրաքի շիա իշխանության բարձրագույն ներկայացուցիչ Այաթոլլա Ալի ալ-Սիսթանիին։ Ենթադրվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև իրաքի փոքրամասնությունների՝ սուննիների, եզդիների ներկայացուցիչները:
Հռոմի պապի այցը խիստ խորհրդանշական արժեք է Իրաքի քրիստոնյաների համար, որոնց ժառանգությունն այստեղ սկիզբ է առել հին Բաբելոնի ժամանակներից՝ գրեթե 4000 տարի առաջ:
Վերջին տարիներին նախ «Ալ Կաիդա», այնուհետև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի քրիստոնյաների նկատմամբ իրականացված համակարգված հետապնդումը տասնյակ հազարավոր մարդկանց արտագաղթի պատճառ է դարձել և սպառնում է համայնքի գոյությանը:
Այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը հանդիպումներ կունենա գնալով նվազող քրիստոնեական համայնքների հետ Բաղդադում, Մոսուլում և Քարաքոշում՝ Նինվեի հարթավայրերում գտնվող Իրաքի ամենամեծ քրիստոնեական քաղաքում, որտեղ 2014 թվականին «Իսլամական պետություն»-ը վերացրել է քրիստոնեական ներկայության «մնացորդները», որոնք դիմակայել էին «Ալ Կաիդա» խմբավորման կողմից կիրառված բռնությանը, ստիպելով տասնյակ հազարավոր մարդկանց գաղթել դեպի Հյուսիսային Իրաքի քրդական շրջաններ, Թուրքիա, Լիբանան և Հորդանան:
Էրբիլում Հռոմի պապը կհանդիպի քրդական իշխանությունների և կենտրոնական Իրաքում ապաստան գտած 150 հազար քրիստոնյա փախստականների մի մասին։ Չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ծնունդով իրաքցի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու կարդինալ Լուի Ռաֆայել Սաքոն ասել է․ «Հուսով ենք, որ Հռոմի պապի այցը որոշակի ուշադրություն կհրավիրի Արևելքում քրիստոնյաների ողբերգության վրա և կխրախուսի նրանց այնտեղ մնալ։ Դա նաև եղբայրական ուղերձ կլինի իրաքյան մյուս հավատացյալներին առ այն, որ կրոնը չպետք է բաժանի, այն պետք է միավորի, և որ մենք բոլորս իրաքցիներ և հավասար քաղաքացիներ ենք»:
Մինչև Միացյալ Նահանգների 2003 թվականի ներխուժումը Իրաքում քրիստոնյաների թիվը շուրջ 1,6 միլիոն էր, սակայն այժմ, ըստ Քաղդեական կաթոլիկ եկեղեցու տվյալների, նրանց թիվը չի գերազանցում 300 հազարը։ Այդ ներխուժման ընթացքում բազմաթիվ քրիստոնյաներ գաղթել են, նրանցից շատերը սպանվել են սեփական հավատքի համար, ավերվել կամ վնասվել է 58 եկեղեցի։ Մինչ պատերազմը՝ Սադամ Հուսեյնի իշխանության տարիներին, քրիստոնյա համայնքների նկատմամբ խտրական վերաբերմունքը զգալի էր, սակայն նրան երբեք բռնության չէին ենթարկվում։ Սակայն 2003 թվականից «Ալ Կաիդա»-ն սկսել է առևանգել և սպանել քրիստոնեական եկեղեցիների հոգևոր սպասավորներին և հարձակումներ գործել հաստատությունների վրա։
2006 թվականի հոկտեմբերին գլխատվել է Ուղղափառ կաթոլիկ եկեղեցու քահանա Բուլոս Իսկանդերը, իսկ 2008–ին ահաբեկիչները Մոսուլում առևանգել և սպանել է արքեպիսկոպոս Պաուլոս Ֆարահ Ռահոյին: Սպանվել է ևս մեկ քահանա և երեք հավատացյալ: 2010 թվականին Բաղդադի Սիրո-Մալաբար կաթոլիկ տաճարում, , որտեղ ուրբաթ Հռոմի պապը հանրային հանդիպում կանցկացնի, սպանվել է 48 հավատացյալ: 2014 թվականին, երբ ԻՊ–ը գրավել է Մոսուլը և Նինվեի դաշտերը, ոչնչացվել է ավելի քան 30 եկեղեցի։