«Որպեսզի «զբաղեցնեն» թագուհուն՝ մինչ արքայազն Ֆիլիպը հիվանդանոցում է». Էլիզաբեթ 2-րդը նոր կորգիներ է նվեր ստացել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն իր տանը՝ Վինձորի ամրոցում, ընդունել է կորգի ցեղատեսակի երկու նոր շնիկների, գրում է Mirror-ը։
Քոթոթների անունների, սեռերի կամ տարիքի մասին տեղեկություն չկա, սակայն, ինչպես նկատում է պարբերականը, նրանք շատ լավ «զբաղեցնում են» թագուհուն՝ մինչ նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը շարունակում է մնալ հիվանդանոցում։
Շան ձագերը ամրոց են տեղափոխվել մոտ երկու շաբաթ առաջ։ Ըստ բրիտանական լրատվամիջոցի՝ թագուհին կենդանիներին ոչ թե գնել է, այլ նվեր է ստացել։ Սակայն, դեռևս հայտնի չէ՝ ով է անակնկալի հեղինակը։
Հիշեցնենք՝ Էլիզաբեթ Երկրորդը կորգիների մեծ սիրահար է։ 1944 թվականին իր 18-ամյակի կապակցությամբ փոքրիկ կորգի էր նվեր ստացել, որին կոչել էր Սյուզան։ Կենդանին ավելի քան 30 «հետնորդներ էր թողել», սակայն դրանցից վերջինը՝ Ուիսփերը սատկել էր 2018-ին։ Շան սատկելու պատճառով թագուհին 74 տարվա մեջ առաջին անգամ «առանց կորգիների էր մնացել»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ 99-ամյա Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը սրտաբանական խնդիրների պատճառով հիվանդանոցում է հայտնվել։ Արքայազն Ֆիլիպը գտնվում է Ս․ Բարդուղիմեոսի անվան հոսպիտալում։ Նա այնտեղ կմնա մի քանի օր՝ մինչ լիարժեք ապաքինումը։