«Իսրայելը դարձել է կորոնավիրուսը հաղթահարած առաջին երկիրն աշխարհում». Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք աշխարհում առաջինն են հաղթանակ տարել կորոնավիրուսի նկատմամբ՝ երկրի արագ և արդյունավետ պատվաստման արշավի շնորհիվ, գրում է Times of Israel-ը։
«Նախկինում Իսրայելը հայտնի էր և այսօր էլ հայտնի է որպես նախաձեռնող ազգ: Այսօրվանից այն հայտնի կդառնա որպես պատվաստման երկիր։ Մենք օրինակ ենք ծառայում աշխարհի համար, և մենք շատ հպարտ ենք դրանով», - ասել է նա ու նշել՝ այնուամենայնիվ երկրի քաղաքացիները դեռևս որոշ ժամանալ ստիպված կլինեն դիմակ կրել:
Երկրի ղեկավարը մանրամասնել է նաև, որ հույս ունի մինչև մարտի վերջ պատվաստել Իսրայելի մեծահասակ բնակչությանն ամբողջությամբ, իսկ մինչև ապրիլ ամբողջությամբ վերաբացել երկրի սահմանները։
Հիշեցնենք՝ երկրի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին չափաբաժինն արդեն իսկ ստացել է 4 859 948 իսրայելցի, որից 3 576 379-ը ստացել է նաև երկրորդ չափաբաժինը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 50 տարեկան և դրանից բարձր քաղաքացիների 88 տոկոսը կամ պատվաստվել է COVID-19-ի դեմ կամ էլ ապաքինվել է հիվանդությունից, քանի որ կողմնակի լուրջ բարդությունների թիվն էապես նվազել է:
Նշենք՝ համավարակի սկզբից ի վեր՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 793 407 դեպք, որի հետևանքով մահացել է 5822 մարդ։