Ֆրանցիսկոս պապը Իրաք է գնում որպես «խաղաղության եւ հույսի ուխտավոր»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ կատարում է առաջին առաքելական ուղեւորությունը Իրաք որպես «խաղաղության եւ հույսի ուխտավոր», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ձեզ մոտ կգամ որպես խաղաղության ուխտավոր, որ կրկնեմ. «Դուք բոլորդ եղբայրներ եք»: Այո, գնում եմ որպես խաղաղության ուխտավոր եղբայրության որոնումներով՝ ոգեշնչված միասին աղոթելու եւ միասին գնալու ցանկությամբ, այդ թվում՝ մյուս կրոնական ավանդույթների եղբայրների եւ քույրերի հետ՝ Աբրահամ հոր նշանի ներքո, որը մեկ ընտանիքի մեջ է միավորում մուսուլմաններին, հրեաներին եւ քրիստոնյաներին»,- հայտարարել է Հռոմի պապը իրաքցիներին հղած տեսաուղերձում, որը Սուրբ գահը հրապարակել է պապական այցի նախօրեին:
«Գնում եմ որպես ապաշխարող ուխտավոր՝ աղոթելու Տիրոջը ներման եւ հաշտության համար տարիներ տեւած պատերազմից եւ ահաբեկչությունից հետո»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Հռոմի պապի տեսաուղերձում հատուկ ուշադրություն է դարձված Իրաքի քրիստոնյաներին: «Ինձ համար պատիվ եմ համարում հանդիպել Նահատակ եկեղեցու հետ: Շնորհակալություն ձեր վկայության համար: Ձեր ճանաչած շատ, չափազանց շատ նահատակներ օգնում են մեզ սիրո խոնարհ զորությամբ հաստատակամ լինել»,- ասել է նա:
Ֆրանցիսկոս պապը շեշտել է նաեւ, որ երկար է սպասել այս ճամփորդությանն ու Իրաքի ժողովրդի հետ հանդիպմանը: «Հիմա ես գալու եմ ձեր օրհնված եւ վիրավոր երկիր՝ որպես հույսի ուխտավոր... Եկեք վարակվենք այդ հույսով, որը ոգեշնչում է վերականգնել եւ նորից սկսել: Համավարակի այս դժվար ժամանակներում օգնենք ամրապնդել եղբայրությունը, որ միասին խաղաղ ապագա կերտենք»,- նշել է նա:
Սուրբ գահը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ մարտի 5-8-ը Ֆրանցիսկոս պապը կկատարի առաքելական ուղեւորություն Իրաք: Ճանապարհորդության ժամանակ նա լինելու է Բաղդադում, Նաջաֆում, Ուր հարթավայրում, որը կապ ունի Աբրահամի վերաբերյալ հիշողության հետ, ինչպես նաեւ Էրբիլում, Մոսուլում եւ Քարաքոշում: