«Խրամատում կանգնած զինվորը հայրենի հողի մի մասն է. Առանց զինվորի խրամատը լոկ փոս է, որում ի վերջո կհայտնվի ինչ-որ մեկը հորիզոնական դիրքով». Էռնեստ Ավանեսովի Արցախյան գոյամարտին ու խրամատային հերոսներին նվիրված աշխատությունը
«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ:
Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս:
Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ:
Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարեր շարունակ հայ ժողովուրդն իր ինքնորոշման, մշակույթի, ավանդույթների պահպանման նպատակով հերոսական մարտեր է մղել բազմաթիվ թշնամիների ու հրոսական խմբերի դեմ:
Նորագույն պատմության ամենավճռականը հայ-ադրբեջանական հակամարտություն է, որը շուրջ մեկդարյա պատմություն ունի։ 1988 թվականին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի գագաթնակետը Արցախյան պատերազմն էր։ 1994 թվականին՝ հակամարտող կողմերի միջեւ ստորագրված հրադադարից հետո, տարբեր տարիներին տեղի են ունեցել տարբեր զինված ընդհարումներ։
Առանձնանում է հատկապես ապրիլյան պատերազմը։ 2020 թ. հուլիսին սկսվեցին բախումներ ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի միջեւ Տավուշի շրջանում, որի ավարտից հետո Ադրբեջանը սկսեց պատրաստվել լայնածավալ պատերազմի։ Դրա ապացույցն է սեպտեմբերի 27-ի պատերազմական գործողությունները:
Այսպիսով, սեպտեմբերի 27-ի պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն՝ Թուրքիայի ու նրա կողմից բերված վարձկան ահաբեկիչների հետ, նախ և առաջ ողբերգություն էր հայ ազգի համար, մի խոսքով սա մի նոր եղեռն էր: Այստեղ հայերը հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցան:
Ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ դատապարտելու երկու ահաբեկիչ երկրներին: Թեպետ կնքվել է հրադադար, սակայն առ այսօր էլ շարունակվում են քննադատություններն ու ոգեշնչման ելույթներն այս առիթով: Այն շարունակվում է տարբեր բնագավառներում՝ սկսած քաղաքականությունից մինչեւ մշակույթ:
Այդ օրերի մարտերի մասնակիցներից է կամավոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Բարձունք հասարակական կազմակերպության հիմնադիր-համակարգող խորհրդի անդամ Էռնեստ Յուրիի Ավանեսովը: Ծնվել է 1985 թվականին Բաքվում: Աշխատում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում որպես ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ: Հեղինակ է 50-ից ավելի հայերեն, ռուսերեն և անգլերեն գիտամեթոդական աշխատությունների, հոդվածների: Զեկույցներով պարբերաբար մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Ծառայել է ԼՂՀ Պաշտպանության Բանակում և ՀՀ Զինված Ուժերում (տանկի հրամանատար, կրտսեր սերժանտ): 2016թ. ու 2020թ. մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանական գործողություններին: «Բարձունք» հասարակական կազմակերպության հիմնադիր-համակարգող խորհդրի անդամ: Ամուսնացած, ունի դուստր:
Այպիսով, փետրվարի 23-ին, ականատեսն եղանք հետաքրքիր ու հայրենասիրական գեղեցիկ մի ծրագրի, որը տեղի ունեցավ «Բարձունք» հասարակական կազմակերպության գրադարանում: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, զինվորականներ՝ մասնակցելու կազմակերպության հիմնադիրներից մեկի՝ Էռնեստ Ավանեսովի, գրքի բարեգործական շնորհանդես-վաճառքին: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Էռնեստ Ավանեսովը: Նա սկզբում ներկայացրեց «Բարձունք» հասարակական կազմակերպությունն ու դրա նպատակները, իսկ այնուհետև խոսեց օրվա միջոցառման մասին: «Բարձունք» նախաձեռնությունը ստեղծվել է Արցախյան 44 օրյա պատերազմից հետո՝ երկրի զարգացման համար նոր լուծումներ գտնելու նպատակով։
Հանդիպումը տեղի ունեցավ ջերմ քննարկման, հարց ու պատասխանի մթնոլորտում: Քննարկման հարցերի մեջ առաջնահերթ ու հրատապ հարցերից էին սահմանապահ գյուղերի դպրոցներում հարևան երկրների, մասնավորապես՝ ադրբեջահերեն, պարսկերեն ու վրացերեն լեզուների ուսուցման անհրաժեշտությունը: Այնուհետև հեղինակը պատմեց գրքի ստեղծման մասին՝ նշելով, որ գաղափարը ծագել է խրամատում եղած ժամանակ:
Նա սկզբում բոլոր հուշերն ու բանաստեղծությունները հավաքագրել է մի ծոցատետրում՝ այստեղ գրելով իր հուշերը, խրամատում տեղի ունեցող զավեշտալի պատմությունները և այլն: Նա շատ հուզված էր խոսում, նշելով, որ մի շարք ստեղծագործությունների ու հոդվածների հեղինակ լինելով, այս ժանրում գրում է առաջին անգամ:
Գիրքը ներկայացնում է հեղինակի ապրածն ու զգացածը, զինակից ընկերներին ու «Քեռու» ջոկատի ընկած տղաներին: Գրքում կան ինչպես չափածո, այնպես էլ արձակ ստեղծագործություններ: Այն բաղկացած է 16 էջից: Ընթերցելու ժամանակ հանդիպեցի մի շատ գեղեցիկ ու խորիմաստ ունեցող տողերի, որոնց մեջբերումը չեմ կարող չանել.
«Խրամատում կանգնած զինվորը հայրենի հողի մի մասն է, շարունակությունը, միաձուլված է նրան անվախությամբ ու սիրով: Առանց զինվորի խրամատը լոկ փոս է, որում ի վերջո կհայտնվի ինչ-որ մեկը հորիզոնական դիրքով»:
Շնորհանդեսի ընթացքում հեղինակը ներկաների համար ընթերցեց իր սիրելի հատվածները և մեկնաբանեց, թե ինչու է հենց դրանք նախընտրում։ Երեկույթի ժամանակ հեղինակը գեղեցիկ ուղերձներով մակագրում ու տրամադրում էր գիրքը: Այստեղ բոլորը վայելեցին նաև «Խարույկ» բենդի գեղեցիկ կատարումներին, որի ընթացքում զուգահեռ տեղի ունեցավ նաև ավանդական հայկական գինու հյուրասիրություն և անմիջական շփում հեղինակի հետ։
Շնորհանդեսից հետո զրուցեցի գրքի, Բարձունք հասարակական կազմակերպության, խրամատային կյանքի մասին հեղինակ Էռնեստ Ավանեսովի ու նրա մարտական ընկեր Գեղամ Օհանյանի հետ:
-Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով։
Էռնեստ Ավանեսով. Շատ շնորհակալություն:
-Ի՞նչ կպատմեք Ձեր ներկայիս գործունեության մասին: Որքա՞ն հաճախակի եք մասնակցում կամ կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ և ինչպիսի՞ բնույթ են կրում դրանք։
Էռնեստ Ավանեսով. Ի՞նչ ասել է հայրենասիրական: Ես գիտեմ մարդկանց, ովքեր հաճախակի այդ բառն օգտագործում էին ամեն առիթի, բայց դրանից հետո քիթը սրբում ու թուղթը գցում էին գետնին: Գիտեմ նաև մարդիկ, ովքեր երբևէ այդ բառը չեն օգտագործել, բայց մեզ հետ առաջնագծում կանգնած էին: Տասնյակ տարիներ այս բառով քողարկված հայրենիք ենք տանուլ տվել: Հայրենասիրության մասին չեն խոսում, այլ գործով են դա ցույց տալիս: Երբ խոսում են, այն հիմնականում բացակայում է: Ես մանկավարժ եմ ու ամեն դաս ըստ պատշաճի անելով հայրենիքի ու պետության համար պիտանի մարդիկ եմ փորձում ստանալ: Եթե դա կարող ենք հայրենասիրություն կոչել ուրեմն կոչենք:
-Ինչպե՞ս կբնութագրեք «Բարձունք» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն երևույթը
Էռնեստ Ավանեսով. Այսօր «Բարձունք» հասարակական կազմակերպությունը վերքաղաքական ինքնավար կազմակերպություն է, որը ստեղծվել է կամավորականների, մտավորականների, մասնագետների և այլ համախոհների ջանքերը միավորելու համար՝ հայկական պետականության պահպանման և դրա ճանապարհին տարբեր մարտահրավերների հաղթահարման, երկրի զարգացման նոր լուծումներ գտնելու նպատակով։
-Որպես առաջատար գիտաշխատող ո՞ր մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ եք համագործակցում:
Էռնեստ Ավանեսով. Եթե նկատի ունեք «Բարձունք»-ը, ապա մենք բաց ենք բոլորի համար, ովքեր գաղափարակից են ու երկրի համար պիտանի գործ են անում, կամ ցանկություն ունեն նման բան անելու: Իհարկե, ինքներս էլ ենք տարբեր նախաձեռնություններով հանդես գալիս: Օրինակ, առաջիկայում նախաձեռնել ենք «Կրթությունը հետպատերազմական Հայաստանում. անցյալի դասեր և ապագայի տեսլական» խորագրով գիտաժողով, որտեղ կքննարկենք նախադպրոցական կրթության, հանրակրթական բովանդակային ու կազմակերպման հարցեր, ինչպես նաև միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության խնդիրներն ու լուծման ուղիները, կանդրադառնանք ոչ ֆորմալ կրթությունը՝ հզոր պետության կայացման համատեքստում: Սակայն, կրթության ոլորտով «Բարձունք»-ի գործունեությունը չի սահմանափակվում, քանի որ մեր երկրի խնդիրների լուծման համար համակարգային մոտեցում է անհրաժեշտ: Մենք մտադրված ենք նոր մոտեցումներ գտնել բոլոր ոլորտները զարգացնելու համար՝ պաշտպանություն, տնտեսություն, արտադրություն, դիվանագիտություն և այլն, իսկ այդ ամենի հիմքում, բնականաբար, կրթությունն ու գիտությունն են:
-Մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացրեք գիրքը։ Ինչպես կբնութագրեք վերնագիրը: Ի՞նչ ուղերձ ունի գիրքը:
Էռնեստ Ավանեսով. Ես այն ոչ թե գիրք, այլ գրքույկ եմ կոչում: Այն ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 6-9-ը ընկած ժամանակահատվածում Արցախի հյուսիսային սահմանագոտու «Եղնիկներ»-ի 121/1 խրամատում: Վերնագիրը հենց այդպես էլ կոչվում է՝ 121/1-ը կապի մեջ է (խրամատային hուշեր): Նոյեմբերի 6-ից սկսեցի գրել, քանի որ հենց այդ օրն ինձ հասան կնոջս ուղարկած բլոկնոտներն ու գրիչները: Փորձել եմ արձակի ու բանաստեղծական ոճով նկարագրել իմ ու զինակից ընկերներիս այդ օրերի զգացմունքները: Ի դեպ գրքույկը ստեղծվելիս մինչև վերջին պահը տեղյակ չեմ եղել ստորագրված հայտնի փաստաթղթի մասին:
-Ինչպե՞ս են ծնվում ձեր հոդվածները և աշխատությունները, ի՞նչ կպատմեք գիրք գրելու գաղափարի մասին։
Էռնեստ Ավանեսով. Ես կրթության ու գիտության ոլորտի գործիչ եմ, իմ հոդվածները հիմնականում գիտական են ու վերաբերում են կրթությանը՝ հատկապես ֆիզիկական դաստիարակությանը: Այս ոճի գիրք գրելու համար ժամանակը հիմնականում չեմ ունենում, հետո էլ պետք է հասունանա պահը: Այս անգամ պահը հասունացել էր, ու նաև ապրելու ցանկությունը ստիպեց, որ փոքր ինչ այսպես ասած ստեղծագործեմ:
-Քանի որ Դուք Ձեր գիրքը գրել եք պատերազմի ընթացքում և նվիրել Արցախյան հերոսամարտում զոհված բոլոր հերոսների հիշատակին, արդյո՞ք այդտեղ ընթերցողը կհանդիպի իրական հերոսների հետ:
Էռնեստ Ավանեսով.Դուք ճիշտ եք, ես գրքույկը նվիրել եմ Արցախյան հերոսամարտի բոլոր զոհվածների հիշատակին՝ ի դեմս Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի «Քեռու ջոկատ»-ի զոհված իմ զինակից ընկերների: Գիտեք, հերոսն բառն այնքան է օգտագործվել պատեհ ու ոչ պատեհ, որ հիմա չեմ ցանկանում այն շատ օգտագործել: Իմ պատկերացմամբ, հերոսներ շատ կաին թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում, քանի որ այդ շղթայի մեջ բոլոր դերերն էլ կարևոր են: Քանի որ մեր ջոկատը կամավորական էր, ըստ այդմ ինձ համար ջոկատի տղաներից ամեն մեկն արդեն իսկ յուրովի հերոս է:
-Արդյո՞ք մեր սերունդը լավ է ճանաչում ազգի հերոսներին:
Էռնեստ Ավանեսով. Ազգի հերոսներին իհարկե պետք է ճանաչեն սերունդները, բայց ես դեմ եմ անձապաշտության որևէ դրսևորման: Պետք է հստակ գիտակցել, որ քաղաքացիական կյանքում հավասար են բոլորը: Եթե, ասենք, պատերազմի դաշտում հերոսացած անձը և այլ քաղաքացի երկուսն էլ օրենք խախտեն, այդ օրենքը երկուսի դեպքում պետք է հավասար գործի:
-Հիմնականում ովքե՞ր են գրքի հերոսները, ինչպիսի՞ն է գլխավոր հերոսը։ Ի՞նչ զավեշտալի դեպք կամ պատմություն կպատմեք խրամատային կյանքից:
Էռնեստ Ավանեսով. Գրքում այսպիսի էպիզոդ կա, որը բնութագրում է թշնամու օդային ուժի գործածման դեպքում մեր առօրյան. Երբ թշնամու կողմից դիտարկվող հատվածում հաց պետք է ուտենք, պարտադիր մի քանի մասի ենք բաժանվում, որպեսզի խոցվելուց բոլորս չզոհվենք միանգամից, որ մարդ մնա հողը պաշտպանելու ու զոհվածների վրեժը լուծելու: Հողն ավելի թանկ է, քան մեզանից յուրաքանչյուրի կյանքը: Մեկ անգամ էլ, երբ բունկերում էինք ու հերթական անգամ օդային գրոհ էր սկսել, շատերին հրամանատարը դուրս հանեց, մի քանիսս մնացինք, հետներս նաև լրագրողներ կային, ովքեր նոր էին եկել: Ջոկատի տղաներից մեկը հանկարծ ռումբերի պայթյունի և բունկերի դղրդացող պատերի ֆոնին նայեց դեմքիս ու լուրջ դեմքով ասեց. «Բայց էս ամենի մեջ մի լավ բան կա»: Տարակուսած նայեցի դեմքին: Ասում եմ. «Ինչը՞»: Պատասխանն ապշեցուցիչ էր ու շատ ծիծաղելի. «Վերակարգիս ժամանակն է գնում»: Մի բոլ ծիծաղեցինք: Հումորն էր, որ նման դեպքերում մեզ փրկում էր:
-Իսկ ինչպիսի՞ պայմաններում էիք ապրում հերթափոխի ընթացքում:
Գեղամ Օհանյան. Սահմանից կպատմեմ հետևյալը: Այն, որ ես ու Էռնեստ Ավանեսովը եղել ենք նույն ջոկատից: Սակայն նշեմ, որ ծառայությունը «Եղնիկներ» զորամասում բազմազան էր: Ծառայության բերումով եղել ենք տարբեր դիրքերում ու հերթափոխում: Նախորդ հերթափոխի ընթացքում գտնվում էինք «Եղնիկներ»-ի 120 դիրքում, իսկ հաջորդի ընթացքում Էռնեստն ու մյուս տղաները՝ 121-ում: Հանուն արդարության պետք է նշեմ, որ 120 դիրքը համալրված էր բետոնե տնակով, իսկ 121-ում՝ տնակները գետնափոր ու շատ փոքր էին:
-Ի՞նչ զավեշտալի դեպք կամ պատմություն կպատմեք խրամատային կյանքից:
Գեղամ Օհանյան. Մի դեպք պատմեմ այդ օրերի մեր ծառայությունից: Երբ որ մենք գտնվում էին թաքստոցում, հոկտեմբերի 26-ին սկսեցին ռմբակոծել տարբեր տրամաչափերի հրետանային զենքերից: Մեր հրամանատարը հրամայեց դուրս գալ այդտեղից ու միաշարասյուն շարվել թաքստոցի շուրջը՝ դեպի նախապես փորված խրամուղիներ: Երբ որ զորքի մեծ մասը դուրս էր եկել այդտեղից, արկերի հաճախականությունը հետզհետե ավելացավ, և ես որպես մեր ջոկատի հրամանատարի կողմից նշանակված պատասխանատու, ինձ իրավունք վերապահեցի հրամայելու մնացած ջոկատի տղաներին մնալու տեղերում, ինքս մնալով այդտեղ: Այսպիսով՝ լարված վիճակը ցրելու նպատակով որոշեցի կատակել՝ հիշելով, որ տվյալ պահին հերթափոխիս ժամն է ընթանում ու տղաներին շատ լուրջ դեմքով ասեցի, որ այս ամեն ինչում մի լավ բան կա, և որ շուտով իմ հերթապահությունն ավարտվելու է:
-Ձեր զգացումները սահման այցից առաջ և հետո:
Էռնեստ Ավանեսով.Մինչ այդ էլ հիմա էլ նույն կարծիքին եմ, որ մենք մոտ 30 տարի ամենօրյա ռեժիմով տանուլ ենք տվել մեր մեծամտությամբ, հղպացրել ենք հաղթողի կերպարն ու դարձել անկյալ: Հիմա այս ցեխոտ ձեռքով ապտակը պետք է մեզ մի նոր ուժ տա ոտքի կանգնելու ու էլ ավելի ուժեղանալու:
-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ունակություններ պետք է ունենա խրամատի զինծառայողը:
Էռնեստ Ավանեսով. Ապագայի մարտիկը պետք է լինի բազմակողմանի զարգացած, տեղեկացված է ցանկացած ոլորտից:
-Զինվորականների ու պատմաբանների արձագանքը ձեր աշխատության վերաբերյալ։
Էռնեստ Ավանեսով.Դեռ ոչ մեկ չի կարդացել գիրքը, փետրվարի 23-ին նշանակել էինք շնորհանդես-վաճառքը, ու ողջ հասույթը ուղղվելու է «Բարձունք»-ի նախագծերից որևէ մեկի իրականացմանը:
-Որպես գրքի առաջին ընթերցողներից մեկը, ի՞նչ կասեք գրքի մասին: Ի՞նչ նորարարություն կգտնի ընթերցողը:
Գեղամ Օհանյան. Գրքի մասին կասեմ հետևյալը՝ Էռնեստը, որ որոշեց պատերազմի ժամանակ գրի առնված իր հուշերը չպահել միայն իրեն ու կիսվել բոլորիս հետ, ես շատ ուրախ եմ: Այսօր ես գնեցի գիրքը, իսկ հավաքված ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Բարձունք» ռազմավարական գիտակրթական կազմակերպության ֆոնդին:
-Խոսք ուղղված մեր զինվորականներին ու երիտասարդներին։
Էռնեստ Ավանեսով. Պետք է ուժեղանանք, վերաձևակերպենք և վերաիմաստավորենք ապագայի մեր անելիքները: Այդ գործում մեծ է հենց զինվորականների ու երիտասարդների անելիքը:
Գեղամ Օհանյան. Բոլոր զինծառայողներին ու իմ ծառայակիցներին մաղթում եմ, որպեսզի ոգիները բարձր պահեն, և որ այս պարտությունից հետո հետևություններ անեն, հզորանան՝ հաջորդ հաղթանակները կերտելու համար:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները «Բարձունք» հասարակական կազմակերպության