Նախորդ բանակցությունը շարունակել չէր լինի, ուստի պետք էր բանակցային գործընթացը նոր ուղով տանել․ «Իմ քայլի» պատգամավորը՝ ԼՂ հարցով իշխանության վարած բանակցությունների ու պատերազմի մասին. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության ցույցերի մասին:
-Ընդդիմությունը կրկին հանրահավաքի կոչ է անում Բաղրամյան պողոտայում: Ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նշում, որ նույնիսկ բանակն է իր կողքին: Դուք կիսո՞ւմ եք ընդդիմության դիրքորոշումը: Ի՞նչ եք կարծում, Փաշինյանը պե՞տք է հեռանա, քանի որ դա նաև բանակի պահանջն է:
-Ես կարծում եմ, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական հարցերին, հենց մեր Սահմանադրությունը նշում է, որ ապաքաղաքական մարմինները ունեն հստակ պարտականություններ պաշտպանելու երկրի ամբողջականությունը, սահմանների անվտանգությունը: Ինչ վերաբերում է ընդդիմության ցույցերին, դրանք քաղաքական պրոցեսներ են: Միշտ լինում են պայքարողներ, որոնք իշխանության են ուզում գալ, իշխանությունն էլ աշխատում է կարողանալ հասարակության վստահությունը ունենալ ու թույլ չտալ դժգոհության այնքան մեծ ալիք բարձրանա, որ ընդդիմությունը կարողանա հասնել իշխանության: Այսօր նմանատիպ պրոցեսներ են գնում: Կարծում եմ՝ իրենք հասարակության կողմից վստահություն չունեն և հաջողության չեն հասնի: Այս պրոցեսները կդադարեն, քանի որ կսպառեն իրենց՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե ընդդիմության կողքին ովքեր են կանգնած, մարդիկ են, որոնք նախկինում եղել են իշխանության և 25- 30 տարի մեր երկիրը կեղեքել են, և հիմա այն խնդիրները, որոնք կուտակվել են մեր երկրում, հենց առաջին հերթին իրենց մեղքն է: Չեմ բացառում, որ գործող իշխանությունը նույնպես ունի սխալներ, որոնցից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և ճիշտ քայլեր կատարել սխալներն ուղղելու ուղղությամբ:
֊Կարծում եք, որ ընդդիմությունը պայքարում է միայն իշխանության գալո՞լ համար, թե՞ իսկապես մտահոգված է Արցախի կորստի համար, Հայաստանի սահմանների անվտանգության համար: Դուք կարծում եք, որ Բաղրամյան պողոտայում հավաքվածներն ընդամենը աթոռակռի՞վ են անում:
-Հաշվի առնելով, թե որ ուժերն են այնտեղ հավաքված, նրանք եթե շատ էին մտահոգված Արցախի հարցի լուծմամբ, իրենք պետք է 30 տարի այնպես աշխատեին, որ տնտեսապես Հայաստանին հզոր երկիր դարձնեին, ոչ թե ունենային դղյակներ: Պետք է ունենայինք զինված, մարտունակ բանակ: Մենք երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ պետք է արտաքին հարաբերություններով այդ հարցը կարգավորենք, բայց արտաքին հարաբերություններում տարիներ շարունակ այն ակտերը, որոնք եղել են, դրանք եղել են՝ ի վնաս Հայաստանի, կա՛մ պետք է տնտեսապես հզորանայինք, հզոր բանակ ունենայինք, քանի որ բանակի հզորությունը պայմանավորված է տնտեսական ներուժով: Ստացվում է, որ ոչ արտաքին հարաբերություններում ենք հաջողություն ունեցել, ոչ տնտեսական առումով: Երկու տարում 30 տարիների բացը վերականգնել հնարավոր չէր:
-Նույն ընդդիմությունն էլ իշխանությանը մեղադրում է այն բանի համար, որ չկարողացավ բանակցել, ինչի պատճառով Ադրբեջանը սկսեց պատերազմը: Այսինքն՝ նույն ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ պատերազմի պատճառը հենց իշխանության վարած քաղաքականությունն է եղել:
-Ես կարծում եմ, որ այն բանակցությունները, որոնք տարիներ շարունակ տեղի են ունեցել, հանգել են մի կետի, որ պետք է Հայաստանը զիջեր տարածքներ առանց Արցախի կարգավիճակի, ինչին դեմ էր թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի բնակչությունը: Հետևաբար այս պարագայում բանակցային գործընթացը նոր ուղիով տանելն էր, քանի որ նախորդ բանակցությունը շարունակել չէր լինի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: