Նիկոլ Փաշինյանը շաբաթվա կենտ օրերին հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից, զույգ օրերին՝ առաջարկում է դրանք անցկացնել. «168 ժամ»
«Նիկոլ Փաշինյանը շաբաթվա կենտ օրերին հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից, զույգ օրերին՝ առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա առաջնորդվում է «որը կպավ՝ կպավ» սկզբունքով։
Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի գրեթե ողջ կյանքը կպցնելու դրվագների երկար շղթա է։ Նա սկզբում կպցրել է՝ որպես լրագրող, շարունակել է կպցնել՝ նաև որպես խմբագիր, իսկ ապա նաև՝ որպես ընդդիմադիր պատգամավոր։ Կպցնելը, որը որպես հասկացություն հայկական կյանք ու իրականություն ներմուծվեց արժեքային համակարգի դեգրադացմանը զուգընթաց, իրականում դարձել է միջին վիճակագրական հայ մարդու աշխարհայացքն ու կրեդոն։ Նիկոլ Փաշինյանն էլ՝ որպես խիստ միջին վիճակագրական հայ մարդ ու, դրա հետ մեկտեղ՝ նաև միջինից մի քիչ ավելի աչքաբաց, կպցնելով կառուցել է սեփական լրագրաքաղաքական կյանքը։
Բայց նրա համար կպցնելու կուլմինացիան, անշուշտ, եղել է 2018 թվականը։ Նա ոչ թե եկել է իշխանության, այլ հենց կպցրել է իշխանությունը։ Հավանականությունը, որ նրա ավանտյուրան կարող էր հաջողել, սկզբում շատ ցածր էր։ Բայց օրերի ու շաբաթների ընթացքում նա հասկացավ, որ հնարավոր է՝ կպնի նաև այդ անգամ։ Եվ ճիշտ այն պահին, երբ 2018 թվականին Հանրապետության հրապարակում առաջին անգամ հնչեց «Նիկոլ, վարչապետ» վանկարկումը, նա հասկացավ, որ այս անգամ ևս կպավ ու կպավ վերջնականապես։
2018 թվականին կպավ իշխանության գալու Նիկոլ Փաշինյանի շանսը, իսկ դրանից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը վերջնականապես կպավ իշխանությանը՝ բառի ոչ թե արժեբանական ու վարքագծային, այլ արդեն ուղիղ իմաստով։
Բայց, ամենայնով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց ու շարունակում է ապրել կպցնողի հոգեբանությամբ, որով առաջնորդվում է նաև այս ճգնաժամային օրերին։
Նա մեկ հրապարակ է բերում արտահերթ ընտրություններ անցկացնելու, մեկ՝ դրանից հրաժարվելու առաջարկը։ Տրամաբանությունը նույնն է՝ «որը կպավ՝ կպավ»։
Ընտրությունների չանցկացման դեպքում ինքը կշարունակի կպած մնալ իշխանությանը, իսկ եթե ընտրություններ, այնուամենայնիվ, անցկացվեցին, կօգտագործի այն, ինչ օգտագործեց մարտի 1-ի հանրահավաքին՝ վարչական ռեսուրս, օլիգարխիկ փող, քրեական շրջանակների աջակցություն։
Նա հաշվում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում կարող է կպնել ևս մեկ անգամ իշխանությունը պահելու հնարավորությունը։ Նրա այդ հաշվարկներում բոլորն են՝ սկսած մարտի 1-ին հրապարակը լցրած շրջանակներից, մինչև խորհրդարանական ընդդիմություն։
Վերջինի գծով Նիկոլ Փաշինյանի գործընկեր Էդմոն Մարուքյանը ևս առաջնորդվում է կպնելու ու կպցնելու սկզբունքով, որով մի անգամ Նիկոլ Փաշինյանի ու Արամ Սարգսյանի դաշնակցությամբ կպցրել է խորհրդարանական մանդատներ։ Ահա այդ սկզբունքով, արդեն երկու օր է՝ Էդմոն Մարուքյանն իրեն եթերից եթեր է գցում ու առաջարկում Նիկոլ Փաշինյանին՝ միասնաբար կպցնել հերթական շանսը։ Կպավ՝ կպավ։
Այս իրավիճակի պատճառներն իրականում շատ խորն են, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը կամ Արամ Սարգսյանն ընդամենն այդ խորքային պատճառների նշանային արտահայտիչներն են։ Իսկ խորքը հանրային գիտակցության խեղման մեջ է, որի արդյունքում կպցնելը, քցելը, շուստրիությունն ու բլեֆը դարձել են անհատական ու խմբային վարքագծի կողմնորոշիչներ։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես հանրային գիտակցության ու հոգեբանության խեղման գործընթացի նշանակալի դերակատար, այսօր ընդամենն օգտվում է այդ դեգրադացված միջավայրի ընձեռած հնարավորություններից։
Կպավ՝ կպավ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: