Freedom House-ն անդրադարձել է Հայաստանում հետպատերազմյան գործընթացներին ու ժողովրդավարության մակարդակին
Freedom House կազմակերպությունը հրապարակել է 2021 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցը, Հայաստանն ունի 100-ից 55 միավոր և դասված է մասնակի ազատ երկրների շարքին (նախորդ տարի Հայաստանն ուներ 53 միավոր): Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, զեկույցում նշվել է, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ ներքաշելով ավտորիտար Թուրքիային, նվազեցնելով Հայաստանում բարեփոխումների հնարավորությունները և ուժի կիրառման միջոցով նպաստելով ժողովրդավարական նորմերի հետընթացին:
Ըստ զեկույցի հեղինակների՝ Ղարաբաղյան պատերազմն ամրապնդեց Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությունը, այդ հակամարտությունը, սակայն, սպառնում է ապակայունացնել Հայաստանի կառավարության դիրքերը:
2018 թվականից ի վեր՝ Հայաստանը ժողովրդավար էր համարվում ավտորիտար տարածաշրջանում, սակայն պարտությունը պատերազմում բռնության ալիքի պատճառ դարձավ ընդդիմախոսների շրջանում, որոնք նոյեմբերին գրոհեցին խորհրդարանը և հարձակվեցին խոսնակի վրա: Կազմակերպության զեկույցի համաձայն՝ նման զարգացումները սպառնում են երկրի առաջընթացին: