«ՌԻԱ Նովոստի»-ն նշել է Մարտի 8-ի կապակցությամբ ՌԴ-ում կանանց մատուցվող ամենատարածված նվերները
Ռուսաստանի բնակիչները շարունակում են կարծրատիպային նվերներ գնել Կանանց միջազգային օրվա առթիվ, օրինակ՝ տապակների և մազերը հարդարող սարքերի վաճառքը մի քանի անգամ աճել է փետրվարի վերջին շաբաթներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ռուսական խոշորագույն առցանց Wildberries խանութի տվյալները։
«Չնայած նվերների գենդերային բաղադրիչը հետզհետե վերածվում է անցյալի, Wildberries-ի վերլուծաբանները նկատել են, որ տապակները շարունակում են մնալ կանանց մատուցվող նվերների առաջին հորիզոնականներում։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում հաճախորդները դրանք գնել են չորս անգամ ավելի, քան մեկ տարի առաջ: Մազերը հարդարող սարքերն էլ հետ չեն մնում, քանի որ դրանց վաճառքն աճել է 3,8 անգամ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերության կանխատեսումներով՝ ծաղիկները, փափուկ խաղալիքները, շոկոլադը, քսուքները և օծանելիքները ևս տարածված նվերներ են Կանանց միջազգային օրվա առթիվ, քանի որ այս ապրանքատեսակները մանրածախ վաճառքի առաջատարների ցանկում են եղել փետրվարի 15-ից 28-ն ընկած ժամանակաշրջանում։
Այսպիսով, փետրվարի վերջին երկու շաբաթվա ընթացքում քսուքների, «գեղեցկության տուփերի» և կոսմետիկայի հավաքածուների վաճառքը կայքում աճել է 5 անգամ`նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ օծանելիքինը՝ վեց անգամ: Միևնույն ժամանակ, ընկերությունում փափուկ խաղալիքների վաճառքը նույնպես աճել է վեց անգամ, մասնավորապես, արջուկներն ու նապաստակները դարձել են ամենատարածվածը:
Կայքի օգտատերերն ակտիվորեն գնել են նաև այլ թանկարժեք նվերներ, իսկ ականջօղերը, մատանիներն ու կախազարդերը ամենատարածվածն են դարձել ոսկերչական իրերի մեջ, քանի որ փետրվարին այդ իրերի վաճառքը քառապատկվել է։