Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է Տիցիանի կորած կտավը (լուսանկարներ)
Խորհրդավոր ընթրիքի տեսարանը պատկերող կտավը, որը 110 տարի կախված է եղել Մեծ Բրիտանիայի Լեդբերի քաղաքի ծխական եկեղեցում, պատկանում է իտալացի գեղանկարիչ Տիցիանի վրձնին: Նման եզրակացության է հանգել արվեստաբան Ռոնալդ Մուրը, փոխանցում է Daily Mail-ը։
Պարբերականը հաղորդում է, որ արվեստաբանը Լեդբերի ծխական եկեղեցի էր ժամանել, որպեսզի ուսումնասիրի մեկ այլ կտավ, սակայն հեռավոր անկյունում Մուրը հայտնաբերել է խունացած, բայց շատ ավելի արժեքավոր ստեղծագործություն։
«Կտավը մոտ երեք մետր բարձրություն ուներ։ Այդ պատճառով այն հնարավոր չէր տեսնել առանց աստիճանների»,- պատմել է արվեստաբանը։
Նա կտավն ուսումնասիրել է ավելի քան երեք տարի։ Արդյունքում Ռոնալդ Մուրն ապացույցներ է գտել առ այն, որ 18-րդ դարի արվեստի ստեղծագործությունն իսկապես ստեղծվել է բարձր և ուշ Վերածննդի դարաշրջանի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի արհեստանոցում:
Որպես ապացույց արվեստագետը նկատել է, որ առաքյալներից մեկի դեմքը, որը նստած է սեղանի ձախ կողմում, հիշեցնում է Տիցիանի պատանեկության դիմանկարը։
Նրա տեսությունը հաստատվել է այն ժամանակ, երբ դեմքի ճանաչման համակարգչային ծրագրի միջոցով այն համեմատել են 1567 թվականի նկարչի ինքնադիմանկարի հետ։
«Կիսադեմը, ականջները, աչքերը, քիթը համընկնում են»,- մեկնաբանել է Մուրը՝ ընդգծելով, որ դիմանկարը, հավանաբար, ավելացրել է ոչ թե Տիցիանը, այլ նրա որդին՝ Օրացիո Վեչելլիոն՝ 1576 թվականի սկզբին:
Ամենակարևոր ապացույցն այն է, որ նկարի վրա թաքնված է նկարչի ստորագրությունը, որը հնարավոր է եղել տեսնել ուլտրամանուշակագույն լույսի տակ միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ։
Արվեստագերը նաև գտել է կտավի նախորդ սեփականատիրոջ՝ 1775-ին գրված նամակը, որում ասվում է, որ նա Վենետիկի վանքում գնել է «Տիցիանի լավագույն պահպանված աշխատանքը»։